Ամփոփվել են «Իմ սիմֆոնիկը» և «ԴասԱ» ծրագրերը

Written by on 28th December 2022

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականին իրականացրել է «Իմ սիմֆոնիկը» և «ԴասԱ» կրթամշակութային ծրագրերը։

Օրերս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ուսանողների մասնակցությամբ ամփոփվել է «Իմ սիմֆոնիկը» ծրագիրը, որն անցկացվել է Երևանի 9 բուհի ավելի քան 2200 ուսանողի շրջանում։

Ծրագրի նպատակն է ուսանողներին ներգրավել դասական երաժշտության աշխարհ, ուսումնասիրել նրանց գիտելիքները դասական արվեստի վերաբերյալ, բացահայտել ցանկություններն ու ակնկալիքները բարձր արվեստի հետ շփվելիս։

«Իմ սիմֆոնիկի» շրջանակում բուհերի ուսանողները հանդիպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչների հետ, տեղեկություններ ստացել դասական երաժշտությանն առնչվող տարբեր թեմաների վերաբերյալ, ներկա եղել համերգների։ Ծրագիրն ուներ նաև հետազոտական բաղադրիչ. ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ, որոնց արդյունքները կօգնեն նվագախմբին կատարելագործելու աշխատանքներն ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից։

Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվել են հարցումների արդյունքները։ 9 բուհի 727 ուսանողի շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաարվեստասեր ուսանողները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում են. ամենաշատն այս բուհի ուսանողներն են այցելում դասական համերգների։ Երկրորդ տեղում է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, երրորդում՝ Հայ-ռուսական համալսարանը։

Հետաքրքիր են համերգների այցելության դրդապատճառները. պարզվել է, որ ուսանողների 63 տոկոսը բարձր է գնահատում կենդանի երաժշտության մթնոլորտը։ Հայ ո՞ր կոմպոզիտորներին են ամենից շատ ճանաչում ուսանողները. հարցվածների 62 տոկոսը ճանաչում է Արամ Խաչատրյանին, մոտ 40 տոկոսը՝ Առնո Բաբաջանյանին։ Ստեղծագործություններից ամենաշատ ճանաչելիություն ունի «Սուսերով պարը»՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից, այնուհետև՝ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, Բաբաջանյանի «Էլեգիան»։

Սերգեյ Սմբատյանը երիտասարդների հետ հանդիպմանը նշել է, որ «Իմ սիմֆոնիկը» ծրագիրն անցկացվել է ուսանողների շրջանում, քանի որ վերջիններս հասարակության ամենաառաջադեմ ու ամենախստապահանջ հատվածն են: Նրանց հետ շփումներում նպատակ ունեին բացահայտելու 21-րդ դարում ակադեմիական արվեստից հանրության սպասելիքները, ցանկություններն ու հետաքրքրության շրջանակը, ինչպես նաև դասական երաժշտությունը, հայ կոմպոզիտորների ժառանգությունը երիտասարդների օգնությամբ ավելի հասանելի դարձնելու լայն զանգվածներին։

2022 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից շարունակվել է 2018 թվականից իրականացվող «ԴասԱ» կրթական ծրագիրը։ Այստեղ թիրախային խումբը դպրոցների աշակերտներն են։ Ընթացիկ տարում «ԴասԱ»-ին մասնակցել է շուրջ 14 հազար աշակերտ։ Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն ու աշխատակիցները տարվա ընթացքում այցելել են Երևանի 30 և 5 մարզի 6 դպրոց՝ հատուկ մշակված ծրագրով երաժշտական դասեր անցկացնելով կրթօջախներում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background