«Թռչող տերևների երգը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Կաբում անիմացիոն կինոփառատոնում
Written by Ռադիո Հայ on 24th February 2023
Նիդերլանդներում ամենահայտնի անիմացիոն փառատոներից մեկի՝ Կաբում անիմացիոն կինոփառատոնի «Նոր ուղղություններ» մրցույթում տեղի կունենա Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Ֆիլմը հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է «Հոշկի Ֆիլմ» կինոընկերության կողմից։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով։ Անդրադարձ՝ Հոր ու դստեր, ուսուցչի և աշակերտի, մեծահասակի և փոքրահասակի հուզիչ ընկերությանն ու անհնարինը հնարավոր դարձնելու նրանց ճանապարհին․․․
Ֆիլմի ստեղծագործական կազմը․ սցենարի հեղինակներ՝ Արմինե Անդա, Ռոման Բալայան, բեմադրող նկարիչ՝ Աննա Հակոբյան, երաժշտությունը՝ Միքայել Ոսկանյանի, դերերում՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէ, հնչունային ձևավորումը՝ Միքայել Ոսկանյանի, Էդ Մեսրոպյանի, ձայնային համադրումը՝ Տիգրան Կուզիկյանի, մոնտաժը՝ Կարեն Բաղինյանի, անիմացիայի ղեկավար՝ Մարիամ Բոնյադի (Իրան), ռեժիսոր/Պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համա-պրոդյուսերներ՝ Աշկան Ռահգոզար, Արման Ռահգոզար (Իրան), արտադրող՝ Հոշկի Ֆիլմ (Հայաստան), համարտադրող՝ Հուրախշ Ստուդիոզ (Իրան)։