Բացվել է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը կրող ցուցահանդեսը
Written by Ռադիո Հայ on 4th May 2023
Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ցուցադրվել են «ԴԵԿԿԱՐՏ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքները:
Ցուցահանդեսը կրում է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը: Ցուցահանդեսին ներկայացված են կենտրոնի 6-13 տարեկան սաների նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի շուրջ 40 աշխատանք:
Ստեղծագործությունները նվիրված են Մխիթար Գոշի ու Վարդան Այգեկցու այն առակներին, որոնք ժամանակին եղել են ակադեմիկոս Հովսեփ Օրբելու մշտական ուսումնասիրությունների թեման։
Իր կենսագործունեության ընթացքում Օրբելին բազմիցս անդրադարձել է հայկական միջնադարյան առակներին՝ ցույց տալով, որ դրանց հարուստ բովանդակությունը հանդիսանում է նաև հասարակական կարևոր նշանակություն ունեցող շատ հարցերի գեղարվեստական արտացոլումը։
«Ինչպես առակը, այնպես էլ կյանքը, գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ»,- նշել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին։
Նշենք, որ «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 21-ը: