Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Written by on 10th July 2023

Հուլիսի 9-ին կայացել է «Ոսկե ծիրան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Փառատոնի բացումը ազդարարվել է ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը մարմնավորել է դերասան Սամվել Թադևոսյանը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ոսկե ծիրան» փառատոնն արդեն 20 տարեկան է։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնում առանձնահատուկ անդրադարձ է արվելու այս երկու հոբելյաններին։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, իսկ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր հեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինդիտողներին։ Հիմնական միջոցառումները կանցկացվեեն Երևանի կինոյի տանը և «Մոսկվա» կինոթատրոնում։

Փառատոնին կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում։ Կներկայացվի նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր։ Տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։

Լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահը օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասն է։

Պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները: Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։ Կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background