Հայաստանը վեց մրցանակ է ստացել «Գրքարվեստ» միջազգային մրցույթում
Written by Ռադիո Հայ on 21st August 2023
Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացել է յոթ անվանակարգում: Հայաստանյան հրատարակիչների վեց գրքեր արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։
«Համագործակցություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն-անգլերեն պատկերագիրքը:
«Իմ երկիրը» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը:
«Մշակութային երկխոսություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Զավեն Բոյաջյանի և Ռուզաննա Բագրատունյանի «Համո Բեկնազարյան» անգլերեն պատկերագիրքը:
«Մանկապատանեկան գիրք» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն պոեմների և բալլադների ընտրանին:
«Գիտություն և կրթություն» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը:
«Արվեստի գիրք» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Գևորգ Բրուտյանի «Հայկական տարազ» հայերեն-անգլերեն պատկերագիրքը: