Արշիլ Գորկու կտավը աճուրդի է հանվել 20 մլն դոլարով
Written by Ռադիո Հայ on 31st October 2023
Միլիարդատեր, մեդիամագնատ Դեյվիդ Գեֆենը նոյեմբերին Christie’s աճուրդում կվաճառի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» ազդեցիկ աշխատանքը՝ 30 տարվա սեփականության իրավունքից հետո:
Արշիլ Գորկու կտավը կդառնա Christie’s-ի «20th Century Art» երեկոյան աճուրդի լավագույն լոտերից մեկը։ Աճուրդը կկայանա նոյեմբերի 9-ին, Նյու Յորքում։
Նկարիչն այս մեծածավալ (գրեթե 1,5 մետր բարձրությամբ) կտավը ստեղծել է 1946 թվականին՝ հրդեհից անմիջապես հետո, որը ոչնչացրել է իր 20-ից ավելի նկարներն ու գծանկարները։ Այն աճուրդի է հանվել երաժշտական պրոդյուսեր Դեյվիդ Գեֆենի հավաքածուից։ Փորձագետները նկարը նախնական գնահատել են 20 մլն դոլար։
Եթե լոտը գնվի այդքան գումարով, ապա կսահմանվի Արշիլ Գորկու ստեղծագործությունների նոր աճուրդային ռեկորդ։ Առայժմ նկարչի ամենաթանկ կտավը համարվում է «Բարի օր, տիկին Լինքոլն» (1944 թ.) կտավը, որը Christie’s-ում վաճառվել է 2018 թվականին 14 միլիոն դոլարով։