Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը

Written by on 16th January 2024

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ծրագիրն իրականացվում է «Սաթէ-Աթղը» (Saté-Atre) թատերական միության հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի և հայ արտիստներ: Ներկայացումը ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված:

«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան առաջնախաղը տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հիշեցնենք՝ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է Վարպետի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին, Երևանի Կինոյի տանը՝ Փարաջանովի արձանի բացմամբ (քանդակագործ՝ Արա Ալեքյան):

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background