Փարիզի Պիկասոյի թանգարանում ցուցադրվում է Երվանդ Քոչարի տարածանկարը
Written by Ռադիո Հայ on 1st February 2024
Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի նշանավոր աջակից, կոլեկցիոներ և 1920-30-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված “Dans l’appartement de Léonce Rosenberg : De Chirico, Ernst, Léger, Picabia…” ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում է նաև Երվանդ Քոչարի 1934թ. ստեղծած տարածանկարը: Այս մասին տեղեկանում ենք Երվանդ Քոչարի թանգարանից։
Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ, Ռոզենբերգը վերափոխեց իր փարիզյան տունը՝ ի պատիվ այն արվեստագետների, որոնց այդքան սիրում էր: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորեց մեկ նկարչի աշխատանքներով: Ընդհանուր առմամբ, 12 նկարիչներ և քանդակագործներ արժանացան այդ պատվին, նրանց ստեղծագործությունները ցուցադրվեցին ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում… Այս աշխատանքները զուգակցելով նաև կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծեց ժանրերի անսովոր խառնուրդ:
Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա 1934 թ. ստեղծած տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին, նույնպես ներառված է այս ցուցադրությունում:
Ցուցադրությունում կան նաև Մաեստրո Քոչարի արվեստին նվիրված այլ հղումներ և հիշատակություններ։
Ցուցահանդեսը բաց է 2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը: