«Լադանիվա» – «Ժակո»
Written by Ռադիո Հայ on 13th March 2024
«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ Երգը թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ որպես «Լադանիվա»-ի առաջին համանուն ալբոմի մաս՝ ֆրանսիական PIAS լեյբլի ներքո։ «Լադանիվա»-ն առաջադրել է «Jako»-ն՝ որպես «Եվրատեսիլ 2024»-ում իրենց երգ, և հաստատվելուց հետո այն մի շարք փոփոխությունների է ենթարկվել արդեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար: «Jako» երգի խոսքերը գրել են Ժակլինն ու Լուին, իսկ երաժշտության համահեղինակն է նաև Օդրի Լյուկլերը։ Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Տեսահոլովակի հագուստների հեղինակներն են Մերի Ստեփանյանը և Աստղիկ Սամվելյանը։
«Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: Այս երգով Ժակլինը քննադատում է հասարակության ստեղծած արհեստական կանոնների և սահմանափակումների կիրառումը, որոնք, ըստ նրա, ստիպում են աղջիկներին մոռանալ իրենց իրական ես-ը, քանի որ նրանց անընդհատ թելադրում են, թե ինչպես պիտի պահեն իրենց և ով պիտի լինեն:
«Լադանիվա»-ն էթնիկ հնչյունների, յուրօրինակ փորձառությունների և բնականության միջմշակութային խառնուրդ է։ Խմբի անդամները մշտապես ճամփորդում են ու միավորում աշխարհի տարբեր կետերում գտած գույներն իրենց երաժշտության մեջ՝ ներկայացնելով դրանք հայկական տեսանկյունից։ Ինչպես «Լադանիվա»-ի գրեթե բոլոր երգերը, «Jako»-ն ունի երաժշտական ազդեցություն տարբեր մշակույթներից: Այս երգը ստեղծելիս Ժակլինը և Լուին մեծապես ներշնչվել են Հայաստանի, Բալկանյան երկրների, Հնդկաստանի և այլ մշակույթների հնչյուններից ու մեղեդիներից:
Էթնիկ մեղեդիների միախառնման մեջ յուրահատուկ բան կա, և «Լադանիվա»-ն «Jako» երգով բոլորին հրավիրում է ամբողջ սրտով պարելու:
«Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին (առաջին կիսաեզրափակիչ), մայիսի 9-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և մայիսի 11-ին (եզրափակիչ): Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։
https://www.youtube.com/watch?v=_6xfmW0Fc40