Տեղի կունենա բեմանկարիչ Արշալույս Չիֆլիկյանի ցուցահանդեսի բացումը

Written by on 19th March 2024

Մարտի 22-ին ժամը 17-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի ցուցահանդեսի բացումը:

Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում, արգասավոր նկարիչ, գրող, հանրագիտակ, մեծահմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նրա ներկայությունը եղել է մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն, որտեղ իր դեմքն ու տեղն է ուներ։ Չիֆլիկյանն ուներ իր հայացքը արվեստի նկատմամբ։ Նա գտնում էր, որ նկարչի աշխատանքի համար պետք է լինի լիակատար ազատություն, դրա համար անհրաժեշտ է մարդու հոգևոր կյանքի գլխավոր երեք ուղղությունների տիրապետում՝ իմացաբանություն (գնոսեոլոգիա), գեղագիտություն (էսթետիկա) և բարոյագիտություն (էթիկա)։

Արշալույս Չիֆլիկյանը հեռու չէր ժամանակակից արվեստի միտումներից։ Նրա գեղանկարչական գործերում նկատվում է արևմտյան այնպիսի «իզմերի» ազդեցությունը, որոնցից են իմպրեսիոնիզմը, պոստիմպրեսիոնիզմը, սիմվոլիզմը և այլն։ Չիֆլիկյանը մեկնաբանել է իր ստեղծագործական մեթոդը հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր գույնի մեջ կան երանգներ, որոնք արտահայտում են տարբեր տրամադրություններ՝ ուրախություն, տխրություն, կարոտ, սեր։ Նկարիչը միշտ պետք է հետևի գույնի ընտրությանը տարբեր թեմաներ արծածելիս։ Դա այն է, ինչին ես ձգտում եմ»։ Առանձնահատուկ վերաբերմունք ուներ բնության նկատմամբ։

Ցուցահանդեսը կտևի մինչ մարտի 26-ը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background