Շրջանառության մեջ է դրվում՝ «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Written by Ռադիո Հայ on 20th May 2024
2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Դիմերես՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.): Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն: Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Կարեն Մելիքյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Հայտնում են ՀՀ ԿԲ-ից։
Ազնավուրը ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում: Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1956 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երաժշտական կարիերայի ընթացքում հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Նա», «Երկու կիթառ», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն, ձայնագրել է մոտ 1400 երգ տարբեր լեզուներով: Հայաստանին նվիրված երգերի շարքում են «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Քնքուշ Հայաստան» երգերը: Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում, հեղինակ է մի շարք գրքերի:
1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիան, 2016 թ. որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը՝ կրթական, սոցիալական, մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով։ Արժանացել է բազմաթիվ պետական բարձրագույն պարգևների և կոչումների, որոնց շարքում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը (ասպետի, սպայի և կոմանդորի աստիճաններ), Հայաստանի ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի շքանշանը: 2009 թ-ից եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Ազնավուրի ստեղծագործությունը բանաստեղծության, երաժշտության և դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսում է: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ 200 միլիոն ձայնասկավառակ։ Ազնավուրի անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը, Գյումրիում կանգնեցված է նրա հուշարձանը: