Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի չորրորդ միջազգային ամառային փառատոնը
Written by Ռադիո Հայ on 11th June 2024
Հունիսի 24-29-ը Երևանում և Աշտարակում կանցկացվի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի 4-րդ միջազգային ամառային փառատոնը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ SUMMEET-ին իրենց նախագծերը կներկայացնեն պարային ընկերություններ Հայաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Հայկական ցուցադրությունը՝ Armenian Showcase-ը, ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։
Փառատոնի մեկնարկը կտրվի հունիսի 24-ին Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում, ղազախական «Samruk» թատրոնի ժամանակակից և արդիական «Mutual Misunderstanding» անվանումով ներկայացմամբ։ Հունիսի 25-ին Երևանի պարարվեստի պետական քոլեջում կմեկնարկեն փառատոնային վարպետության դասերը՝ հայ պարողների համար, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 27-ը։ Հունիսի 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Balmanukyan Dance Project»-ի «Կոմիտասի երգերը․ Revival» նախագիծը։ Այս նախագիծն իրականացվում է Կասպարովայի՝ տարիներ առաջ արված լեգենդար բեմադրությամբ, որն առաջադրվել էր «Ոսկե դիմակ» մրցանակի։
Հունիսի 26-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմում կցուցադրվի «Ամեն ինչ կարգին է» պերֆորմանսը։ Նույն օրը կներկայացվի նաև ղազախական «Mutual Misunderstanding» ներկայացումը, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի կունենա դասախոսություն հայկական պարարվեստում օձերի սիմվոլիզմի մասին։ Հունիսի 27-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կներկայացվի «PARlez francais» նախագծի «VI» ներկայացումը։ Նույն օրը կներկայացվի նաև ֆրանսիական նախագծի «Իրերի տարօրինակ կարգը» բեմադրությունը։ Կանցկացվի նաև դասախոսություն ACTS ինստիտուտի և «PARlez francais» նախագծի մասին։
Փառատոնի մարգարիտն են Armenian Showcase և Armenian Gala ծրագրերը, որոնք SUMMEET-ի հիմքն են։ Այս անգամ ծրագրերը հնարավորություն կլինի դիտել հունիսի 28-ին երևանյան տարբեր բեմերում։ Այդ օրը կկայանա նաև կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հայկական բալետի 100-ամյակին։ Հունիսի 29-ին կկայանա փառատոնի կարևոր նախաձեռնություններից մեկը՝ փարիզյան ACTS պարային ակադեմիա ընդունվելու քասթինգը, որին կարող են մասնակցել հայ պարողները։ Կանցկացվի նաև «Մարմինը և շարժումը ընկղմվող իրականության նոր տարածքում» խորագրով դասախոսությունը։
Հունիսի 29-ին Կինոյի տանը տեղի կունենա փառատոնի փակումը, որի շրջանակում կցուցադրվի Cosmogony առցանց ներկայացումը։ Այն առանձնահատուկ է նրանով, որ ներկայացվելու է Ժնևում, իսկ Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ցուցադրվելու է տեսաէկրանին՝ այլ իրականությունում։