Ալին Դեմիրճյան | «Թող լինի այդպես»

Written by on 3rd September 2024

Ալին Դեմիրճյանը, ով գրեթե 5 տարի է, ինչ ապրում է Գյումրիում, օրերս թողարկել է իր նոր՝ «Թող լինի այդպես» երգն ու տեսահոլովակը։ Դա նրա առաջիկա ալբոմի երրորդ սինգլն է։ Երգը ռոմանտիկ բալլադ է, որը հուզում է այն լսողների սրտերը։ Երգի երաժշտությունը գրել է Ալինը, իսկ խոսքերի հեղինակը գյումրեցի Ռոբերտ Քոչարյանն է, ով 1960-ականների վերջին Գյումրիում հիմնված «Անգին քարեր» խմբի անդամն է եղել։ Տեսահոլովակը հասանելի է YouTube-ում, իսկ երգը կարող եք լսել բոլոր թվային հարթակներում։

Երգը ձայնագրվել է Բուենոս Այրեսում և՛ երաժշտական խմբի, և՛ լարային քառյակի մասնակցությամբ։ Իսկ բեք վոկալի ձայնագրությունը տեղի է ունեցել Երևանում՝ «Տիեզերք բենդ»-ի երգչուհիներ Լուսինեի և Էլիզայի, ինչպես նաև «Շուշիկի բենդ»-ի երգչուհի Թամարի ձայնակցությամբ։

Ալին Դեմիրճյանը արգենտինահայ երգչուհի, երգահան և պրոդյուսեր է։ Նա ծնվել և մեծացել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում, իսկ 2019 թվականից Ալինը բնակվում է Հայաստանի «մշակութային մայրաքաղաք» Գյումրիում։ 2019 թվականին Ալինը Հայաստանում և Արցախում իրականացրել է իր՝ «Մեկ մարզ, մեկ երգ» նախագիծը։ Իր երաժշտական կարիերան սկսելուց ի վեր, Ալինը բազմաթիվ ստեղծագործություններ է թողարկել ինչպես որպես անհատ կատարող, այնպես էլ մասնակցել է տարբեր նախագծերի այլ երաժիշտների հետ Արգենտինայում և Հայաստանում։ Ալինը ստեղծագործում է հայերեն և իսպաներեն։ Իր ստեղծագործությունների միջոցով Ալինը նպատակ ունի արտացոլել իր անընդհատ փոփոխվող ինքնությունը, որը սնվում է տարբեր մշակույթներից և փորձառություններից, ինչպես նաև դրանց միաձուլումից:

Ալին Դեմիրճյանը պատրաստում է իր հաջորդ ալբոմը, որը կոչվելու է ”Las Pequeñas Grandes Cosas” («Փոքր մեծ բաները»): Մինչ այժմ ալբոմում ընդգրկված 8 երգերից 3-ն արդեն թողարկվել են։ Երգերից 7-ը կլինեն իսպաներեն, իսկ մեկը՝ հայերեն՝ «Թող լինի այդպես»:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background