Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը
Written by Ռադիո Հայ on 9th September 2024
Սեպտեմբերի 14-15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, Արցախից տեղահանված արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները: Երկօրյա միջոցառմանը ժամը՝ 12։00-19:00-ն, տեղի կունենա ցուցահանդես և վաճառք, որի ընթացքում ոչ միայն կարող եք ձեռք բերել գեղեցիկ իրեր, այլև տեղում մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները:
«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը հարթակ է, որն ուղղված է երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապի ամրապնդմանը և միևնույն բնագավառի մարդկանց շփման հնարավորությանն ու հետագա համագործակցությանը: Միջոցառումն իրականացվում է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ: