«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին
Written by Ռադիո Հայ on 24th September 2024
Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան արարողություն։
Նույն օրը՝ Ժամը 16:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես, որը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։
Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից՝ վավերագրեր և լուսանկարներ, Հայաստանի ազգային պատկերասրահից՝ կտավներ, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտից՝ Լալուա ընտանիքի արխիվի փաստաթղթեր։ Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին՝ ներկայացնելով Մարգարիտ Բաբայանի և Կոմիտաս վարդապետի մտերմությունը նամակագրության միջոցով։
Միջոցառման նպատակն է ցուցադրության ձևաչափով ներկայացնել Մարգարիտ Բաբայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև 20-րդ դարի Ֆրանսիայի հարուստ մշակութային կյանքը։