Ֆրանսիայում դպրոց է անվանակոչվել Միսաք Մանուշյանի անունով
Written by Ռադիո Հայ on 16th October 2024
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է դպրոցի սաների կողմից Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների հուզիչ ընթերցմամբ: Ողջույնի խոսքերով են հանդես եկել դպրոցի տնօրենը, ինչպես նաև պատմության և փիլիսոփայության ուսուցիչները՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակները, Ֆրանսիայի նախագահի որոշմամբ ֆրանսիացի մեծագույն գործիչների Պանթեոնում հանգրվանած Մանուշյանի և նրա զինակիցների հերոսական կերպարների հավերժացման անհրաժշտությունն ու կարևորությունը երիտասարդ սերնդի համար:
Հանդիսավոր արարողության ավարտին դպրոցի սաները հանդես են եկել նաև Շառլ Ազնավուրի երգերի ինքնատիպ կատարումներով։
Միսաք Մանուշյանը 1931-1933 թվականներին ապրել է Շատնե-Մալաբրիում, Ժան Ժորեսի պողոտա, 44 հասցեում: