Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը
Written by Ռադիո Հայ on 15th April 2026
Երևանում, Գյումրիում և Աբովյանում մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կտևի մինչև մայիսի 1-ը: Հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Իսպանիան, Իտալիան, Սերբիան, Ռումինիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը: Կցուցադրվի 22 մոնոներկայացում, 8-ը՝ միջազգային ծրագրում։
Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոդրամա, մոնոդոկ, մոնոպար, որոնք կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», «Արմմոնո-Դանս», «Արմմոնո-Fairy Tail» խորագրերով։
Այս օրերին Երևանում են միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։
Փառատոնի ծրագրում ներկայացված են նաև բեմադրություններ, որոնք վերաիմաստավորում են մեծ արվեստագետների ճակատագրերն ու ստեղծագործական ճանապարհը՝ նոր ընթերցմամբ։