«Կերպի ձևը․ Կամրջելով անցյալը և ներկան»․ ժամանակավոր ցուցադրություն
Written by Ռադիո Հայ on 5th November 2025
Հոկտեմբերի 28-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում բացվում է նոր ժամանակավոր ցուցադրություն։
Ցուցադրությունը ներառում է Ժողովրդական արվեստների թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված նմուշները՝ ժանեկագործության, ասեղնագործության, մաքրամեի նուրբ նմուշներ, կանացի զգեստներ, ինչպես նաև արծաթի գեղարվեստական մշակման՝ զուգաթելի և հատիկի տեխնիկաներով պատրաստված աշխատանքներ, որոնք ներկայացնում են հայ արհեստավորների վարպետությունը և գեղագիտական զգացողությունը։
Ավանդույթի այս շունչը լրացվում է ժամանակակից ստեղծագործական մոտեցումներով․ Թումո ստուդիաների նոր նախագծերից Hand By Hand-ի հսկայական գործվածք-ինստալիացիան խորհրդանշում է նոր սերնդի փորձերը՝ վերաիմաստավորելու և նոր շունչ հաղորդելու հայկական գործվածքի ավանդույթներին։
«Կամրջելով անցյալը և ներկան» ցուցադրությունը հիշեցնում է, որ մշակույթը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ այն զարգանում է՝ պահպանելով արմատները և ներշնչելով նորարարությանը։
Այցելեք Ժողովրդական արվեստների թանգարան և բացահայտեք ժամանակի անընդհատությունը, որտեղ ավանդական ձևերն ու խորհրդանիշները շարունակվում են ներկայի լեզվով։ Այստեղ յուրաքանչյուր աշխատանք վկայում է ժառանգության կենսունակ ընթացքի մասին՝ հին իմաստը վերածելով նոր ձևի և կենդանի փորձառության։