ICOMOS-ը ահազանգում է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանության վտանգի մասին
Written by Ռադիո Հայ on 25th November 2026
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ICOMOS) և նրա՝ 20-րդ դարի ժառանգության միջազգային գիտական կոմիտեն (ISC20C) ահազանգ են հնչեցրել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանության վերաբերյալ։
1981 թվականին բացված շենքը հայկական մոդեռնիստական ճարտարապետության կարևորագույն նմուշներից է։ Այն նախագծել են ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Լևոն Չերքեզյանը և Ժորժ Շեխլյանը՝ ինժեներ Սերգեյ Բաղդասարյանի մասնակցությամբ։
Իր յուրահատուկ շրջանաձև հորինվածքով, համակենտրոն օղակներով և 61 մետր բարձրությամբ կառավարման աշտարակով՝ համալիրը խորհրդային մոդեռնիզմի նշանակալի օրինակներից է։ Այն նաև կարևոր տեղ ունի հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ՝ որպես Հայաստանի գլխավոր միջազգային օդային դարպասներից մեկը։
2004 թվականից շենքն ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։ Սակայն 2026 թվականի հուլիսի 22-ին հրապարակվել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է այն հանել պետական գրանցամատյանից։ Ըստ նախագծի՝ հուշարձանի կարգավիճակը խոչընդոտում է օդանավակայանի վերակառուցման և արդիականացման ծրագրերին։
ICOMOS-ը մտահոգություն է հայտնում, որ պահպանության կարգավիճակի վերացումը կարող է ճանապարհ բացել շենքի ամբողջական կամ մասնակի քանդման համար։ Կազմակերպությունը հատկապես անընդունելի է համարում արտաքին մեկնման օղակի հնարավոր քանդումը։
ICOMOS-ը և ISC20C-ն կոչ են անում Հայաստանի իշխանություններին՝
– պահպանել և ապահովել համալիրի հուշարձանի իրավական կարգավիճակը,
– բացառել շենքի և կառավարման աշտարակի քանդումը կամ մասնակի ապամոնտաժումը,
– հրապարակել տեխնիկական և սեյսմիկ ուսումնասիրությունների արդյունքները,
– իրականացնել անկախ տեխնիկական փորձաքննություն և ժառանգության վրա ազդեցության գնահատում,
– մշակել շենքի պահպանության, վերականգնման և նոր գործառույթներով օգտագործման ծրագիր,
– պահպանել համալիրի ճարտարապետական առանձնահատկություններն ու արվեստի գործերը,
– ապահովել հանրային մասնակցությունը և բարձրացնել շենքի մշակութային արժեքի ճանաչելիությունը։
ICOMOS-ի համոզմամբ՝ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրը պետք է պահպանվի և ներառվի օդանավակայանի զարգացման ապագա ծրագրերում՝ դիտարկելով դրա հարմարեցումն ու վերաօգտագործումը նոր գործառույթներով։
Կազմակերպությունը և ISC20C-ն, համագործակցելով ICOMOS Հայաստանի հետ, պատրաստակամություն են հայտնել մասնագիտական աջակցություն ցուցաբերել համալիրի պահպանության համապատասխան լուծումների մշակմանը։
«Զվարթնոցի» պահպանումը ոչ միայն ճարտարապետական հուշարձանի, այլև Հայաստանի նորագույն պատմության և ազգային հիշողության կարևոր էջի պահպանումն է։
Աղբյուրը՝ Heritage Alert: Zvartnots International Airport Old Terminal Building, Armenia