Հիփ-հոփն ու բարոկկոն՝ մեկ բեմում․ Երևանում բացվում է «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը
Written by Ռադիո Հայ on 22nd September 2026
Թէատրոն Կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ժամը 19։30 Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի և նրա «Կաֆիգ» պարախմբի «Ֆոլիա» ներկայացմամբ։ «Ֆոլիան» հիփ-հոփ պարի և բարոկկո երաժշտության բացառիկ հանդիպում է, որտեղ տարբեր ժամանակաշրջանների երաժշտական և խորեոգրաֆիկ լեզուները միավորվում են մեկ բեմում։
«ԹԷԱՏՐՈՆԻ» նպատակն է մշակութային կամուրջ ստեղծել Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ Հայաստան հրավիրելով միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների և ստեղծագործական խմբերի։ Միաժամանակ փառատոնը նպաստում է հայ արվեստագետների մասնագիտական փոխանակմանը, ժամանակակից դրամատուրգիայի զարգացմանը և մշակութային կյանքի ապակենտրոնացմանը։
«ԹԷԱՏՐՈՆԸ» միավորում է թատրոնը, ժամանակակից պարը, դրամատուրգիան, երաժշտությունը, ինչպես նաև սոցիալական և կրթական ծրագրերը։ Այս տարի փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Փառատոնի ծրագրերը կիրականացվեն Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում։