Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով
Written by Ռադիո Հայ on 20th May 2026
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց ապագա լիամետրաժ նախագծերը միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներին։ Սա կարևոր քայլ է Հայաստանի կինոյի միջազգային տեսանելիության, համագործակցությունների զարգացման և մշակութային դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին հայտարարվել է Կաննի կինոփառատոնում։
«Հաջորդ քայլը» (Next Step Studio) Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթվա» (Critics’ Week) շարունակական միջազգային նախաձեռնություններից է, որն աջակցում է նոր սերնդի կինոգործիչներին՝ ստեղծագործական զարգացման, միջազգային մենթորության և կինոարդյունաբերության հետ կապերի ձևավորման գործում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել 8 ռեժիսորների՝ 4-ը Հայաստանից և 4-ը տարբեր երկրներից։ Նրանք կաշխատեն զույգերով` 1-ը Հայաստանից և 1-ը՝ արտասահմանից, և Հայաստանում կստեղծեն 4 կարճամետրաժ ֆիլմեր։ Կարևոր է, որ ֆիլմերը ստեղծվելու են Հայաստանի միջավայրում՝ ներշնչված մեր երկրի մշակույթից, իրականությունից և մարդկային պատմություններից։
Ծրագիրը ներառելու է սցենարների մշակում, միջազգային մասնագետների հետ աշխատանք, արտադրական նախապատրաստություն, նկարահանումներ Հայաստանում, հետարտադրություն և ֆիլմերի ներկայացում Կաննում՝ «Քննադատների շաբաթվա» (La Semaine de la Critique / Cannes Critics’ Week/) շրջանակում։
Ֆիլմերի պրեմիերայից հետո ծրագրին մասնակցող 4 հայ ռեժիսորները հնարավորություն կունենան միջազգային համարտադրողների, դիստրիբյուտորների, պրոդյուսերների և կինոարդյունաբերության ներկայացուցիչների առջև ներկայացնելու իրենց հաջորդ լիամետրաժ ֆիլմերի նախագծերը։ Սա ծրագրին տալիս է երկարաժամկետ նշանակություն՝ ստեղծելով ոչ միայն կարճամետրաժ ֆիլմերի միջազգային ներկայացում, այլ նաև նոր լիամետրաժ նախագծերի զարգացման և միջազգային համագործակցությունների իրական հնարավորություն։