Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մրցանակակիրները
Written by Ռադիո Հայ on 15th June 2026
Կայացել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
- Առաջին մրցանակին արժանացել է Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Գերմանիայից,
- Երկրորդ մրցանակ՝ Բոգդան Եֆրեմով (Ռուսաստանի Դաշնություն),
- Երրորդ մրցանակ՝ Արտյոմ Իոանիսյան (Հայաստան)։
Շնորհվել են հատուկ մրցանակներ․ Յոհան Սեբաստիան Բախի՝ թավջութակի համար գրված մենանվագ ստեղծագործության, Դավիդ Պոպերի մենանվագ թավջութակի համար գրված Էտյուդների, Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի և Սոնատի լավագույն մեկնաբանությունների համար։
Տրվել են նաև հատուկ մրցանակներ «Լավագույն նվագակցող դաշնակահար» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում։
Հիշեցնենք, որ այս տարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում էր «Թավջութակ» մասնագիտական կարգում։
Հունիսի 6-ին՝ բացման հանդիսավոր արարողության ընթացքում, հնչել է կոմպոզիտորի թավջութակի կոնցերտը՝ աշխարհահռչակ թավջութակահար Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում ընդգրկված էին նաև հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ բալետներից։
Այս տարի մրցույթին մասնակցել են ժյուրիի կողմից ընտրված 19 թավջութակահարներ՝ աշխարհի 11 երկրից։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC):
Ժյուրիի կազմում ընդգրկված են միջազգային երաժշտական աշխարհի ճանաչված ներկայացուցիչներ՝ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր-Ժուլիեն Լաֆերիերը (Ֆրանսիա)։