Օֆիսներ, ռեստորանային համալիրներ, մարզասրահներ. Համալիրի տնօրենը` առաջիկա ծրագրերի մասին
Written by Ռադիո Հայ on 14th February 2019
Հունվարի 30-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը: ՄՀՀ տնօրենի մրցույթում ստացված 24 հայտատուների մեջ Ղազարյանն ամենաբարձր միավորներն էր հավաքել:
– Պարոն Ղազարան, արդեն անցե՞լ եք Համալիրիր տնօրենի պարտականությունններին:
– Այո, փետրվարի 4-ից արդեն հրամանը կա, պայմանագիրն էլ կնքված է:
– Համալիրի տնօրենի մրցույթում մասնակիցների թվում ձեր անունը ոչ մի ձեւով չէր հոլովվում, ի՞նչն էր պատճառը: Հետաքրքիր է՝ ի՞նչ ծրագիր էիք ներկայացրել մրցույթին:
– Չեմ կարող ասել, թե ինչու իմ անունը չէր հոլովվում մասնակիցների թվում: Մրցույթին մասնակցելու վերջնական որոշում կայացրել եմ մրցույթից 3-4 օր առաջ եւ այդ ժամանակ եմ գործերս հանձնել, միգուցե դրանով էր պայմանվորված մասնակցությանս «գաղտնիությունը»: Ինչ վերաբերում է իմ ներկայացրած ծրագրին՝ այն նկարագրում է, թե ինչպես անել, որպեսզի մարզահամերգային համալիրը դառնա լիարժեք կյանքով ապրող հիմնարկ եւ լինի հնարավորինս մարդաշատ: Ամենակարեւորն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդկանց հոսքը շատ լինի դեպի մարզահամերգային համալիր: Առաջնային խնդիր է, որպեսզի այս կենտրոնը համերգից համերգ չապրի, այլ լինի ամենօրյա: Միգուցե նոր տարածքներ տրվեն՝ օֆիսներ բացվեն, ռեստորանային համալիրներ լինեն, մարզասրահներ եւ այլն: Շատ մեծ ծրագրեր կան՝ տարբեր ֆորմատի: Համալիրը ահռելի մեծ կառույց է՝ մեծ հնարավորություններով, եւ ես կարծում եմ՝ ամբողջ պոտենցիալը պետք է լիարժեք օգտագործվի, որով հնարավորություն կստեղծենք պետության բեռը թեթեւացնելու:
– Ձեր թվարկած մարզասրահը, ռեստորաններն ու օֆիսները եղե՞լ են մրցույթում ներկայացված ծրագրում, հավանության արժանացե՞լ են:
– Իհարկե, եղել են: Տարբեր ուղղությունների շուրջ է եղել խոսակցություն: Ծրագրեր կան, բայց անգամ, երբ ծրագիր ես ներկայացնում, դեռ ամբողջովին չես տիրապետում իրականությանը, այսինքն, շենքի այսօրվա լիրաժեք աշխատանքային հնարավորություններին: Այո, ես մարզահամերգային համալիրը շատ լավ գիտեմ, որովհետեւ իմ կյանքը այս բնագավառում սկսվել է հենց այս շենքից, համերգներից եւ այլն, բայց տարիներ են անեցել: Մի բան է, երբ դու վարձակալում եւ համերգներ ու միջոցառումներ ես անում այս շենքում, մեկ այլ բան, երբ արդեն ամբողջովին տիրապետում ես կառույցի ներսի աշխատանքային առօրյային: Ուստի, որոշ ծրարգեր, որոնք մտածում ես, որ կարող ես իրականացնել, հաճախ շտկումների կամ փոփոխության կարիք են ունենում:
– Մոտակա ժամանակահատվածում ի՞նչ նորության սպասենք: Իրագործվելիք ծրագիր կա՞ այս պահին:
– Կան կարճաժամկետ ծրագրեր, որոնք շատ արագ պետք է կյանքի կոչվեն, բայց քանի որ սա պետական հիմնարկ է եւ ունի իր կանոնները, որոշակի օրենքներ հաշվի առնելով՝ պետք է այն իրագործել: Երբ մասնավոր սեկտորում ես, շատ ավելի արագ ես կարողանում կողմնորոշվել եւ հարցին լուծումներ տալ, քան պետական հիմնարկում: Այստեղ կան որոշակի բյուրոկրատական հարցեր, որոնք ստիպում են «ռամկաների» մեջ լինել: Հիմա ես ուզում եմ հնարավորինս այդ ընթացքն արագացնել, միեւնույն ժամանակ չեմ ուզում ինչ-որ բաների մասին խոսել, որոնք վաղը հանկարծ չլինեն: Այստեղ ուզում եմ դարձնել մի վայր, որ մարդիկ գան ամեն օր՝ աշխատանքի, ժամանցի, սպորտով զբաղվելու: Ուզում եմ կոմպլեքս խնդիրներ լուծել եւ մարդկանցով աշխուժացնել Համալիրի կյանքը, հենց մարդիկ լինեն, արդեն կարելի է մտածել այլ բիզնեսների մասին, որոնք կարող են եկամտաբեր լինել:
– Մտավախություն չունե՞ք, որ ձեր առաջարկած այս ծրագրերը կարող են հանրության կողմից սուր քննադատության արժանանալ (նմանատիպ օրինակներ ունեցել ենք):
– Ցանկացած գործ, երբ անում ես`մի մարդու համար լավ է, մյուսի համար կարող է վատ լինել: Եթե դու վստահ ես, որ արածդ լավ բան է եւ դա օգուտ է բերում պետությանն ու ազգին, ապա կարծում եմ՝ պետք է այդ քայլին գնալ: Հիմա շատ մարդիկ դժգոհում են, որ իրենց տղաներին բանակ են տանում, բայց եթե բանակ են տանում, դա մեր ազգի խնդիրն է, մենք պետք է հպարտ լինենք, որ մեր երեխան ծառայում է Հայոց բանակում ու մեր սահմանն է պահում: Եթե մենք ուզում ենք, որ այս շենքը իսկապես ապրի եւ օգուտ բերի եւ պետությունը փող չծախսի նրա վրա, որովհետեւ աբսուրդ է այսպիսի մեծ հնարավորություններ ունենալ եւ պետության հաշվին այս կառույցը պահել, պետք է որոշակի քայլեր նախաձեռնել եւ այդ հարցը լուծել: Իհարկե՝ կլինեն դժգոհողներ, վատաբանողներ: Շատերն ասում էին՝ Կարեն Ղազարյանը իշխանության մարդն էր, դրա համար էլ ինքը դարձավ տնօրեն, վստահ եմ՝ այդ 24 հոգուց յուրաքանչյուրը, որն էլ դառնար տնօրեն, նույն բանն էին ասելու: Կան մարդիկ, որոնք միշտ նման բաներով են զբաղվում, իսկ կան մարդիկ, ովքեր գործ են անում:
– Նախքան մրցույթի արդյունքերի հայտնի դառնալը Համալիրի տնօրենի պաշտոնում ընտրվողի մասին մի այսպիսի կարծիք էլ շրջանառվեց, որ նա պետք է չունենա սեփական բիզնեսներ, այլ ծրագրեր, այլ զբաղվածություն: Ձեր դեպքում կարծես թե պատկերը բոլորովին այլ է՝ թե՛ «Շարմ հոլդինգ»-ի հետ կապված, թե՛ տարբեր ծրագրերում մասնակցության, եւ առհասարակ ձեր զբաղվածության: Ինչպե՞ս եք համատեղելու:
– Ես արդեն մի անգամ հայտարարել եմ՝ հաշվի առնելով, որ մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը պետական պաշտոն է, սա ՊՈԱԿ է, ուստի, տնօրենն էլ պետական ծառայող է: Այդ իսկ պատճառով ես հրաժարվել եմ «Շարմ հոլդինգ»-ի տնօրինությունից եւ իմ բաժնետոմսերը հանձնել հավատարմագրային կառավարման: Այսինքն, այս պահին ես Շարմի հետ կապված անելիք չունեմ, չնայած, շատ ցավում եմ եւ ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի «Շարմ հոլդինգ»-ում, որովհետեւ դա մեր ստեղծած «երեխան» է: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Համալիրի տնօրենը պետք է լինի այնպիսի մարդ, որը բիզնես չունի, կամ ոչինչ չի արել, ես համաձայն չեմ, որովհետեւ, եթե նման մի տնօրեն գա որեւիցե մի հիմնարկում աշխատելու՝ ոչինչ չի ստացվի: Մարդ պետք է սիրի աշխատել, պետք է կյանքում ինչ-որ բան ստեղծած լինի, պետք է փորձ ունենա, որ կարողանա հիմնարկ ղեկավարել: Եթե մարդն իր կյանքում ոչինչ չի արել եւ գալիս է ինչ-որ հիմնարկ ղեկավարելու, ապա նա պարզապես չի ունենալու այն փորձն ու հմտությունները, որոնցով կկարողանա ծրագրեր իրականացնել: Ուրիշ բան, որ մարդ պետք է լինի պարկեշտ, ազնիվ ու աշխատասեր եւ իր գործով ապացուցի, որ արժանի է կամ կարող է անել: Կարծում եմ՝ չի կարելի միշտ մարդկանց մեջ վատը տեսնել: Ստուգելու հազարավոր մեխանիզմներ կան, աուդիտներ եւ այլն, եւ ցանակացած հիմնարկի ղեկավարի կարելի է ժամանակ առ ժամանակ ստուգել, հասկանալ, թե ինչպես է նա աշխատում:
– ՄՀՀ-ում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու մտադրություն ունե՞ք:
– Դեռ ոչ: Դեռեւս այդպիսի մտադրություն էլ չկա: Նախ՝ թիմը շատ լավն է, հատկապես մասնագիտական աշխատողները՝ ձայնի, լույսի, բեմի աշխատողները բավականին հմտություններ ունեն եւ կարծում եմ՝ կշարունակեն աշխատել: Իհարկե՝ կլինեն հստակ դրված խաղի կանոններ, որին համարժեք պետք է բոլորը աշխատեն եւ եթե ինչ-որ բան այնպես չեղավ, արդեն կսկսենք քննարկել դրանք: Ես այն մարդկանցից չեմ, որ հենց եկավ հիմնարկ ղեկավարելու, հանում, բերում է իր մարդկանց: Նման բան չկա, բոլորն էլ մեր մարդիկ են, եթե լավ մարդ է, ճիշտ մարդ է ու իր աշխատանքը նորմալ է կատարում՝ թող աշխատի, ես նման խնդիր չեմ տեսնում: Կան մարդիկ, որոնց վաղուց գիտեմ, այստեղ կան մարդիկ, որոնք աշխատում են Համալիրի բացման օրվանից, այդ մարդկանց առաջ միայն կարելի է խոնարհվել, երկար տարիների ընթացքում ցուրտ ու մութից սկսած մինչեւ ամենադժվար տնտեսական պայմանները նրանք այստեղ են եղել եւ կարողացել են շենքը պահել:
Աղբյուր՝ Armitimes.com