Ռուսաստանում կստեղծվի Ջիգարխանյանի անվան փառատոն
Written by Ռադիո Հայ on 15th February 2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը հավերժացնում է իր գեղարվեստական ղեկավարի ներդրումը հայրենական արվեստում։ Ստեղծագործական կոլեկտիվը որոշել է նրա անվան փառատոն հիմնել։ News.ru-ն գրում է, որ փառատոնի կոնցեպցիան գրեթե ձևավորված է, հայտնի է նաև անվանումը՝ «Ջիգարխանյանի մրցանակ»:
«Այդ բարձրագույն մրցանակը տրվելու է փառատոնի հաղթողին, որը մենք նախատեսում են բացել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Ջիգարխանյանի ծննդյան օրը»,- ասել է թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն։
Մանրամասները նա չի հայտնել, միայն նշել է, որ այժմ դերասանը գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Ա. Ջիգարխանյանը 1991 թվականից մինչև 1996 թվականը որպես պրոֆեսոր դերասանական վարպետության դասեր է դասավանդել ՎԳԻԿ-ում։ 1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Թատրոն «Դ»-ն անմիջապես յուրահատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի փոքրիկ թատրոնների շարքում։