Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը կցուցադրվի հայաստանյան կինոթատրոններում

Written by on 26th February 2019

Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրության` 2015-ին նկարահանված կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, մի քանի տարի բուռն փառատոնային կյանքից հետո՝ 2019 թ․ հունվարի 23-ից վերսկսել է ցուցադրությունները Ֆրանսիայի կինոթատրոններում։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։

Ֆիլմի պաշտոնական վարձույթին նախորդել է լայնածավալ գովազդային արշավը։ Նախ Լե Պլեսի Ռոբինսոն քաղաքի Ժերար Ֆիլիպ կինոթատրոնում կայացել է փակ ցուցաադրություն-քննարկում սցենարի հեղինակներ Լևոն Մինասյանի, Էսթեր Մանի, պրոդյուսերներ Գորյուն Ափրիկյանի և Մարի-Կլոդ Արբոդիի մասնակցությամբ, այնուհետև Իլ դը Ֆրանս երկրամասի հայ –ֆրանսիական ասոցիացիան հեռարձակե․ է  ռադիոհաղորդում ֆիլմի պրոդյուսեր՝ Կորյուն Ափրիլյանի և սցենարի հեղինակ Լևոն Մինասյանի մասնակցությամբ:
Ֆրանսիայում «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը շատ ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի և կինոքննադատների կողմից։ Իսկ ֆրանսիական մամուլում տեղ են գտել բազմաթիվ հետաքրքիր արձագանքներ:

Շուտով Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը կցուցադրվի նաև հայաստանյան կինոթատրոններում։

«Մոսկվիչ, իմ սեր»-ը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում և տաղտուկ կյանքով ապրում է կնոջ հետ: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին: Համոն թաքուն երազանք ունի. ձեռք բերել «մոսկվիչ»՝ աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան, որը նրան խոստացել էր խորհրդային տարիների ղեկավարությունը, բայց որը նա այդպես էլ չստացավ: Միությունը փլուզվել է, Համոյի երազանքը՝ մնացել: Մի օր Համոն հանկարծ իմանում է, որ հարևան գյուղում «մոսկվիչ» են վաճառում:

Ռեժիսորի խոսքերով, ֆիլմը սերնդի պատմություն է, սերունդ որը մի օր արթնանում է և հասկանում, որ իր իմացածը ոչ մեկին այլևս պետք չէ. «Ֆիլմում սերնդի ողբերգության և դատապարտված լինելու խնդիր է դրված»:

2015-ին «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում արժանացել էր Գրան պրիի: Կինոնկարը  2015-ին  մասնակցել էր  նաև երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, արժանացել երկու մրցանակի՝ «Ֆիպրեսի մրցույթ» և «Էկումենիկ մրցույթ» անվանակարգերում: 2016-ին Ղրիմում կայացած «Золотой Витязь» միջազգային 25-րդ կինոֆորումում «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում  «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն արժանացել է «Золотой Витязь» մրցանակին:

Աղբյուր՝ Panorama.am


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background