Տիգրան Զարգարյանն այլևս Ազգային գրադարանի տնօրենը չէ
Written by Ռադիո Հայ on 28th February 2019
Փետրվարի 25-ին լրացել է Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի 65-ամյակը։ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնավարման ժամկետը մինչև 65 տարեկանն է։
Panorama.am-ը մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանից տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի տնօրենի, անկախ նրանից նշանակված է, թե ընտրված է մրցույթով, լիազորությունները դադարեցվում են ըստ ՊՈԱԿ-ների մասին օրենքի, երբ լրանում է 65 տարին։
«Պարտադիր կատարման դրույթ է։ Եթե լրանում է մարդու 65 տարին, իր հետ պայմանագիր կնքել, աշխատանքը շարունակելն ուղղակի անհնար է։ Իրավական տեսանկյունից պարոն Զարգարյանը համարվում է արձակված։ Ըստ էության սահմանափակում է, որը թույլ չի տալիս իր հետ պայմանագիրը շարունակել»,- ասաց փոխնախարարը։
Նա տեղեկացրեց, որ կհայտարարվի Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ։ Այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Հրաչյա Սարիբեկյանը (Գրականության հանրահռչակման բաժին)։
Տիգրան Զարգարյանը 2011 թվականից Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն է։ 2014 թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել է Հայ գրատպության թանգարանը։
Աղբյուր՝ Panorama.am