Հայերեն երգեր կատարող ֆրանսիական «S’adouno» դուետը նախատեսում է այցելել Հայաստան
Written by Ռադիո Հայ on 28th March 2019
Ֆրանսիայի Ռուան քաղաքի «S’adouno» դուետի անդամներ Անտուան Սերժանն ու Մարիոն Բրետվիլլը կատարում են հայերեն երգեր, այն էլ բավական լավ։ Դուետը ձևավորվել է 2 տարի առաջ։
«Մենք սկսեցինք կատարել հայկական ու վրացական ազգային երգեր, այնուհետ անցանք Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երգերին»,-ասում է Անտուան Սերժանը։
Դուետը վերջերս ռուսական Նիվա է գնել ու որոշել ուղևորվել Կովկաս, որպեսզի ուսումնասիրի ազգային երաժշտությունը։ Մարիոն Բրետվիլն ու Անտուան Սերժանն այս տարվա որոշել են անցնել 5 հազար կմ, որպեսզի հարստացնեն իրենց ռեպերտուարը հազվագյուտ, հաճախ միայն մարդկանց շուրթերից միմյանց փոխանցվող երգերով։
Մեքենայի ընտրությունը նրանք բացատրել են նրանով, որ ցանկանում են հաղորդակցվել տեղի կյանքի հետ։ Զույգի ուղևորությունը կսկսվի օգոստոսի 10-ից մինչև հոկտեմբերի 6-ը։ Դուետն իր շրջագայությունը սկսելու է Թուրքիայից, կայցելի Վրաստան, Հյուսիսային Օսեթիա և այլ շրջաններ։
Հայաստան այցելությունն իրենց ծրագրերում է․ «Սա միայն ժամանակի հարց է»։
«Ես ցավում եմ ու նաև մի քիչ հիասթափված եմ, բայց այս շրջագայության ընթացքում մենք չենք հասցնի լինել նաև Հայաստանում։ Շտապելու փոխարեն մենք նախընտրում ենք մեկ այլ հնարավորություն նախատեսել մեկ ուրիշ անգամ։ Հայաստան այցը մեր ծրագրերում է, որին անհամբեր սպասում ենք։ Սա միայն ժամանակի հարց է»,-Panorama-ին ասաց Անտուան Սերժանը։
Նշենք, որ որերս Euronews-ին տված հարցազրույցում Սերժանը խոստովանել էր, որ երբեմն երգերը սովորում են YouTube-ի հարսանիքների տեսանյութերից, ինչը գտնելը ևս բարդ գործ է։
«Այդ երաժշտությունը չի հնչում համերգներում, որպեսզի այն լսել, պետք է գալ մարդկանց տուն, ապրել նրանց հետ ու մասնակցել նրանց ծիսակարգերին։ Մենք սիրում ենք հայկական ու վրացական երաժշտություն։ Դրանք յուրահատուկ ձևով են կատարում այդ երաժշտությունը։ Նրանց համար այն կապված է առօրյա կյանքի հետ, որը պահպանվել է այդ տարածաշրջանում մինչև այսօր»,- ասել էր Սերժանը։