Ախալքալաքի բերդը կվերականգնվի
Written by Ռադիո Հայ on 7th May 2019
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն և Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության պետն այցելել են Ախալքալաքի բերդ` առաջիկա վերականգնման հնարավորությունները գնահատելու համար: Jnews-ի հաղորդմամբ, Ի. Քարսելաձեն հայտարարել է, որ բերդը վերականգնելու նախագիծ դեռևս չկա, սակայն վերականգնման գերակայությունները որոշելու համար արդեն տարվում են աշխատանքներ:
«Մենք անպայմանորեն կքննարկենք, թե որքան կարեւոր կլինի դա տարածաշրջանի համար: Այս պարագայում մենք խոսում ենք ոչ միայն մշակութային ժառանգության մասին, այլ նաեւ այնպիսի գործոնների մասին, որոնք նպաստում են զբոսաշրջիկների թվի աճին, ինչպես միջազգային, այնպես էլ ներքին կարգով»,- նշել է նա։
Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեի խոսքով, այժմ տարվում են բերդի վերականգնման ծրագրի մշակումներ, որոնք նրանք հույս ունեն նախապատրաստել և հաստատել այս տարի: Վերականգնման ժամկետը կախված է շինարարության վիճակից և օբյեկտի վրա կատարվող աշխատանքների քանակից:
«Փորձագետները պետք է գան և տեղում տեսնեն, թե ինչպես է շենքը պատմականորեն կառուցված: Դրանից հետո նրանք պետք է կազմեն դեֆեկտային ակտ և տեխնիկական առաջադրանք նախագծողների համար: Դրանից հետո նախագծողները, պատմական հուշարձանների պահպանության մասնագետների հետ պետք է համաձայնեցնեն նախագիծը, որոշեն, թե ինչպես է շենքը վերականգնվելու՝ ինչպես գեղագիտապես, այնպես էլ տեխնիկապես: Միայն այդ դեպքում կարող են սկսվել աշխատանքները», – ասել է գործակալության ղեկավարը:
Նիկոլոզ Անթիձեն նշել է, որ մշակութային հուշարձանի վերականգնումը կարևոր գործոն կդառնա տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար:
«Սա լուրջ նախագիծ է, պետք է փորձաքննություն կատարել, ուղարկել հետազոտողների: Կարծում եմ, որ գործընթացը 2-3 տարի կտևի: Այստեղ շատ գեղեցիկ է, այնպիսի հրաշագեղ տեսարաններ են բացվում, որ շունչդ կանգնում է: Պետք է ստացվի վիթխարի օբյեկտ, որը շատ հանրաճանաչ կդառնա զբոսաշրջիկների շրջանում: Նույնիսկ ավելի հանրաճանաչ, քան Ռաբաթը», – նշել է նա: