Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանը

Written by on 15th May 2019

86 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Կանազ» պարային անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, պարուսույց, բեմադրիչ Սուրեն Գյանջումյանը:

«Սուրեն Գյանջումյանը սոսկ պարուսույց չէր, նա ազգային պարարվեստի անխոնջ պահապանն էր և մեր հազարամյա մշակույթի տարածողը: Անգնահատելի է հայ պարարվեստի մեծ վարպետի ունեցած ծառայությունները հայկական ժողովրդական պարարվեստիպարուսուցման զարգացման և տարածման գործում: Նա առաջիններից էր, ով ստեղծեց ազգային պարաշարժումների կայուն համակարգ և ներդրեց պարուսուցման արդյունավետ նոր մեթոդներ: Նրա ծավալած մշակութային գործունեությունը վաղուց ձեռք է բերել համազգային նշանակություն:

Սուրեն Գյանջումյանի պարուսուցման դպրոցի ավանդույթների կրողներն ու շարունակողները այսօր մշակութային հսկայական գործունեություն են իրականացնում Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իրանում և հայաշատ այլ գաղթօջախներում:

Մենք համոզված ենք, որ հայ պարի մեծ երախտավորի թողած ժառանգությունը և պատգամները պատվախնդրորեն շարունակելու են հազարավոր պարասեր հայ մանուկներ, պատանիներ և երիտասարդներ՝ տանելով հայ պարավեստը դեպի լուսավոր մեծ բարձունքներ, որի համար անմնացորդ իր ողջ կյանքը նվիրաբերեց Սուրեն Գյանջումյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է  Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը։

Ս. Գյանջումյանը ծնվել է 1932թ. հունիսի 19-ին, Թուրքմենստանում: 1947-50թթ սովորել է Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, 1966-77թթ` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում: 1950-66թթ աշխատել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում` որպես խառատ: 1957թ. կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, 1958-83թթ ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի և պարի մանկապատանեկան անսամբլները: 1967-77թթ դասավանդել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս: 1967-71թթ ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965թ.` համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973թ. ստեղծել ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը: 2009թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է: Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» և այլն:

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background