Թբիլիսում կկայանա Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն» փառատոն
Written by Ռադիո Հայ on 16th May 2019
Ամեն տարի Թբիլիսիում տեղի է ունենում հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»։ Այս տարի «Վարդատոնն» առաջին անգամ կանցկացվի որպես փառատոն, նախկինում այդ օրը տեղի էր ունենում հեղինակային երեկո։
sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, «Վարդատոն» փառատոնն անցկացվելու է այս կիրակի Թբիլիսիի պատմական մասում՝ Մեյդանի շրջանում՝ հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում։
Փառատոնի շրջանակում Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնը ներկայացնելու է «Լինում է, չի լինում մի Սայաթ-Նովա» բեմադրությունը, լինելու է ցուցահանդես, ծաղիկներ են դրվելու Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ, կայանալու է համերգ, ելույթ են ունենալու տեղի և հրավիրված պարային խմբեր և երգիչներ։
Միջոցառումը կազմակերպում են Վիրահայերի միությունը Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը, նաև Վիրահայոց թեմը։
«Վարդատոնի» հիմքը դրել են գրող Հովհաննես Թումանյանը և նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը 1914 թվականին։
Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից, տարբեր ուսումնասիրողների ուժերով և հաճախ իրարամերժ են։Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները։ Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի, միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզրները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը: Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը Հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր։
Աղբյուր` Panorama.am