Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ Գորիսում միջոցառումներ կանցկացվեն

Written by on 13th June 2019

Մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին, Գորիսում տեղի կունենան մի շարք հանդիսություններ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 11:00-ից՝ Գորիսի նախկին ծխական դպրոցի բակում, որտեղ սովորել է Ակսել Բակունցը: Կհնչեն ելույթներ, կհաջորդի Բակունցի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը, ապա՝ այցելություն Ակսել Բակունցի հուշարձան և ծաղկեդրում:

Ժամը 12:30-ից միջոցառումները կշարունակվեն Ակսել Բակունցի տուն-թանգարանում. Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը, Գորիսի պետական դրամատիկական թատրոնը և Գորիսի երաժշտական դպրոցները հանդես կգան թատերական բեմականացումներով, երաժշտական կատարումներով և ասմունքով: Թանգարանում կբացվի նաև Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղի սաների թեմատիկ նկարազարդումներով ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ժամը 13:30-ին թանգարանի բակում կկազմակերպվի մատաղի արարողություն և հյուրասիրություն՝ ազգագրական երգի-պարի համույթների մասնակցությամբ: Ժամը 16:00-ից Մխիթար Սպարապետի անվան հրապարակում կմեկնարկի արվեստների փառատոնը: Ժամը 18:00-ին Գրիգոր Տաթևացու հրապարակում տեղի կունենա ժողովրդական երգերի համերգ:

Հանդիսությունների ծրագիրը մշակվել է Գորիսի համայնքապետարանի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ Գորիսի Ա. Բակունցի տուն-թանգարանի և Գորիսում գործող մի շարք մշակութային հաստատությունների համագործակցությամբ:

Ա. Բակունցը ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանիկռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background