Վանա լճում 3000-ամյա հայկական ամրոց է հայտնաբերվել
Written by Ռադիո Հայ on 10th March 2020
Թուրքիայի ամենամեծ՝ Վանա լճի հատակին 3000 տարեկան կառույց է հայտնաբերվել։ Ստորջրյա պեղումները կատարվել են Van Yüzüncü Yıl համալսարանի և Բիթլիսի նահանգապետարանի ղեկավարությամբ։
Ըստ նախնական տվյալների՝ հայտնաբերված ամրոցը պատկանում է հայկական Երկաթե դարի քաղաքակրթությանը, որը հայտնի է որպես Վանի թագավորություն, Ուրարտու, Արարատ և Հայաստան։ Կարծիք կա, որ Վանա լիճը ձևավորվել է Վանի շրջանին մոտ գտնվող Նեմրութ լեռան ժայթքումից հետո առաջացած խառնարանում։ Այսօր լճի ջրի մակարդակը 150 մետրով ավելի բարձր է, քան Երկաթե դարում էր։
Վանա լիճն ուսումնասիրելիս սուզորդները լավ պահպանված պատ են հայտնաբերել, չնայած նրան, որ այն կառուցվել է Ուրարտական դարաշրջանում։ Մասնագետները տասնամյակներ շարունակ ուսումնասիրություններ էին կատարում ջրավազանում, մինչև բացահայտվեց, որ ամրոցը կորել է դրա մակերևույթի խորքում։