Երևանի քաղաքապետարանը շրջանցել է Դալմայի այգիների բուն էկոլոգիական և սոցիալական խնդիրները
Written by Ռադիո Հայ on 28th March 2020
Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ ներկայիս Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում պատմամշակութային ժառանգության ոչնչացման, հողօգտագործողների իրավունքների ոտնահարման, հողերի փաստացի զավթման ու այլ լուրջ խախտումների համար «կանաչ» լույս վառած Երևանի՝ նախկին իշխանությունների դիրքորոշումից։
«Դալմա-Սոնա» հիմնադրամը նախկին իշխանությունների կողմից Դալմայի այգիների ոչնչացման, իրավունքների խախտումների մասին ահազանգով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելով ծանրակշիռ հիմնավորումներ Բնապահպանական հանրային դատարանի վճռի (http://ecolur.org/files/uploads/pdf/Court/publicenvironmentalcourtdalmafinal.pdf) տեսքով։ Հանրային դատավճռում հավաքված են տվյալներ՝ սկսած 2001 թ-ից, երբ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սկսվեց Դալմայի այգիների հողատարածքներն ամենատարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխանցելու «կեղծ օրինական» գործընթացը։ Ներկայացված են Դալմայի այգիների՝ պատմամշակութային ժառանգության կարգավիճակի և հողօգտագործողների իրավունքների խախտման վերաբերյալ ապացույցներ, օրենսդրական խախտումներ, հանրային դատավարության ընթացքում հնչեցված փորձագիտական եզրակացություններ ու կարծիքներ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժ/պ Ա. Սեդոյանի՝ վճռի վերաբերյալ 2020թ-ի մարտի 18-ի N 50/2-19709 պատասխան նամակում նշված է․ «Բնապահպանական հանրային դատարանի դատական նիստի թիվ ԲՀԴ/01/20 վճռին սահմանված կարգով ընթացք տալու վերաբերյալ հայտնում ենք, որ հարցն ուսումնասիրվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից և, ըստ աշխատակազմի իրավաբանական վարչության տրամադրած պարզաբանման, վերոնշյալ հանրային դատարանը չի հանդիսանում ՀՀ Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հիման վրա ստեղծված դատական ատյան և չի կարող ընդունել պարտադիր կատարման ենթակա դատական ակտեր»։
Այսինքն՝ քաղաքապետարանն ամբողջությամբ անտեսել է այն բոլոր հասարակական կազմակերպությունների կարծիքը, որոնք հավաքել են խախտումների մասին ապացույցները, չի պատասխանել ազահանգի մեջ նշված և ոչ մի կետի։ Փոխարենը՝ փորձել է գտնել իրավական հիմնավորում՝ մերժելու գնահատական տալ նախկին իշխանությունների կողմից Դալմայի այգիների նկատմամբ կատարված գործողություններին։
Նշենք, որ Բնապահպանական հանրային դատարանի վճիռը տվյալ խնդրի մանրամասն քննությունն է, խախտումների արձանագրումն է, հանրային գնահատականն է և ահազանգը այս կամ այն խախտման և էկոլոգիական հանցագործությունների մասին: Այս ձևաչափն Օրհուսի կոնվենցիայով սահմանված` տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունմանը մասնակցելու և արդարադատության մատչելիության հասարության իրավունքների իրացման և ՀՀ Սահմանադրությամբ սահմանված` շրջակա միջավայրի պահպանության հասարակության պարտականության և հանրային վերահսկողության իրականացման միջոց է, ինչպես նաև պետական մարմինների հետ հանրության համագործակցության, փոխօգնության, իսկ անպատասխանատու պաշտոնյանների համար զգոնության բարձրացման և նրանց պատասխանատվության ենթարկելու հնարավորություն:
Ի դեպ, Դալմայի այգիներում շինարարության ընթացքում 19-րդ դարի գինու հնձանի ոչնչացման դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ուսումնասիրությունների միջոցով պարզելու հնձանի ոչնչացման գործում պաշտոնյաների կատարած խախտումների հանգամանքները։ (http://www.prosecutor.am/am/mn/7730/)
Եվ, վերջապես, չնայած կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, կառուցապատողներն արագորեն հատում են Դալմայի այգիների ծառերը՝ պաշտպան ունենալով քաղաքապետարանի նոր աշխատակազմին, որն, իր հերթին, հայտարարում է, որ իրենք որևէ կապ չունեն նախկին աշխատակազմի հետ և նրանց իրավահաջորդը չեն։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Դալմա-Սոնա» հիմնադրամ
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ
«Հազարաշեն» ՀԿ
«Կանաչ Հայաստան» ՀԿ
27.03.2020թ.