«Ժամանակակից խնդիրներ-մեկ լուսանկարով»․ Հայաստանը ներկայացնող լուսանկարչի «Քնած զինվորի» նկարը լավագույն եռյակում է
Written by Ռադիո Հայ on 16th April 2021
Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորի» նկարը World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում մրցանակի է արժանացել՝ «Ժամանակակից խնդիրներ-մեկ լուսանկարով» անվանակարգում։
Ինչպես նշվում է նկարի բնութագրում, զինվորը պառկած է խրամատում՝ պոլիէթիլենային ծածկույթի վրա։ Նկարն արվել է արցախյան պատերազմի օրերին Սյունիքի հյուսիսարևելյան մասում, Ներքին Խնձորեսկում, 2020 թվականի հոկտեմբերի 31-ին:
Վաղինակ Ղազարյանը 3 մրցանակակիրներից մեկն է։
«Այս լուսանկարն ինձ հանգիստ չէր տալիս առաջին իսկ օրվանից: Արցախից ստանում էինք շատ ուժեղ աշխատանքներ, բայց դրանք բոլորը հիմնականում կենտրոնանում էին վշտի, կորուստների, հակամարտությունների վրա: Այս մի նկարը, որտեղ ֆիքսված է մի պարզ պահ՝ ընդհանուր կարիքի մասին, շատ հուզիչ էր ու գեղեցիկ լուսանկարված։ Սա հակամարտության ազդեցության վերաբերյալ տարբերվող հայացք էր», – ասել է Քեթի Մորան, National Geographic-ի լուսանկարչության փոխտնօրեն և 2021 թ. ֆոտոմրցույթի ընդհանուր ժյուրիի անդամը: