«Կարմեն» օպերան կրկին հայաստանյան բեմում է

Written by on 23rd June 2021

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 25-ին տեղի կունենա ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի հերթական ցուցադրությունը:

2018 թվականին Դուբայի օպերային թատրոնում մեծ հաջողությամբ իրականացված հյուրախաղերից հետո Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերան ներկայացվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է, իսկ բեմադրող դիրիժորը՝ Քրիստոֆեր Օկասեկը/ԱՄՆ/, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստ.նկարիչ/,զգեստների նկարիչ՝ Քրիստինե Ավետիսյան, խմբավար՝ Հրաչ Բորյան: Ներկայացմանը մասնակցում է Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբումը, խմբավար՝ Էմմա Առաքելյան:

«Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր բեմադրությամբ ներկայացվում է 2018 թվականից, սա թատրոնի վերջին տարիների այն պրեմիերաներից է, որն իսկապես մեծ հաջողություն է ունեցել՝ արժանանալով նաև միջազգային հեղինակավոր պարբերականների բարձր գնահատականին: Սա շքեղ, նորովի մատուցմամբ ներկայացում է, որն անպայման արժե տեսնել, վայելել Բիզեի անկրկնելի ստեղծագործությունը մեր տաղանդաշատ արտիստների մասնակցությամբ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Կարմենի» հերթական ցուցադրության գլխավոր դերերում հանդես կգան Գրետա Բագիյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գեորգի Առաքելովը և մեր մյուս շնորհաշատ արտիստները:

Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան /ըստ Պրոսպեր Մերիմեի համանուն նովելի/ 19-րդ դարի ռեալիստական օպերային արվեստի գլուխգործոցներից է. նրա երաժշտայնությունը հագեցած է զորեղ դրամատիզմով, արտահայտիչ մեղեդայնությամբ, հստակ գործիքավորումով: «Կարմեն» օպերան ներկայումս ընդգրկված է աշխարհի հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկում:

«Կարմեն» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1875 թ. մարտի 3-ին Փարիզի «Օպերա Կոմիկ» թատրոնում: Օպերան սկզբնական շրջանում սուր քննադատության է արժանացել, սակայն 1875 թ. հոկտեմբերին բեմադրվել է Վիեննայում, ինչից էլ սկսվել է «Կարմեն»-ի համաշխարհային հռչակը: Դեռևս 1880 թվականին Պյոտր Չայկովսկին կանխատեսել է, որ Բիզեի «Կարմեն»-ը միշտ կմնա աշխարհում ամենաճանաչված ու ամենասիրված օպերան:

«Կարմեն» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924 թվականին Լենինականի օպերա-օպերետային թատրոնում, իսկ Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ 1934 թվականին /դիրիժոր՝ Ս. Չարեկյան, բեմ.՝ Ա. Բուրջալյան/:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background