Արվեստն իմ սերն է․ Ափօ Սահակեանի ճանապարհը՝ Երուսաղեմից Հայաստան

Written by on 25th June 2021

Այսօրվա զրուցակիցս Ափօ Սահակեանն է։ Հայրենասիրական երգերի ներքո մեծացած սփյուռքահայ երիտասարդի երակներում եռում է հայի արյունը։ Ափօն ներկայացնում է հայկական ֆոլկ երգեր։ Կարևորում է ազգային և հայրենասիրական արժեքները, որոնք նրա մեջ սերմանել են դեռ մանկուց, ավանդույթ դարձած հայկական երգեր կատարելով։ Ափօի ընտանիքում չեն եղել երաժիշտներ, իսկ այժմ արդեն երկուսն են․ փոքր եղբայրը՝ Արա Սահակեանը ևս երաժիշտ է։ 

 

Զրույցի սկզբում՝ Ձեր կարիերայի մեկնարկից․ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ե՞րբ զգացիք, որ ուզում եք Ձեր աշխատանքները ներկայացնել հանրության դատին։

Նվագել սկսել եմ երբ դեռ երեխա էի, 13 տարեկանից կիթառը միշտ ձեռքիս է եղել, տարբեր բեմերում եմ հանդես եկել։ Ու հենց այդ ժամանակվանից էլ զգացել եմ՝ երաժշտությունն ու մշակույթը ինձ ուղեկցելու են ամբողջ կյանքում։ Արվեստն իմ սերն է։

Որտե՞ղ եք հիմնականում ծավալում Ձեր մասնագիտական գործունեությունը։ Հետևելով Ձեր ֆեյսբուքյան էջին, ենթադրում եմ, որ աշխարհագրությունը բավականին լայն է։

Հայկական երաժշտական նախագծով համերգներ եմ ունենում Իսրայելում, Պաղեստինում, Հայաստանում։ Ունեմ նաև Apo & the Apostles արաբալեզու նախագիծը, որը ստեղծվեց 2013 թվականի հոկտեմբերին, երբ ես և ընկերներս Պաղեստինում մասնակցեցինք Taybeh Beer ամենամյա փառատոնին։ Այս նախագծով եղել ենք Հոլանդիայում, Ֆրանսիայում և Անգլիայում։

Եթե ճիշտ եմ հասկանում, դուք Հայաստանում չեք ծնվել։ Ի՞նչը Ձեզ բերեց այստեղ։ Արդյոք կա՞ հայրենիքում մշտապես մնալու ցանկություն։

Այո, ծնվել եմ Երուսաղեմում, հայկական թաղամասում, հաճախել հայ-ամերիկյան դպրոց։ Մեծացել եմ շատ հայրենասեր, դաշնակցականների ընտանիքում, և կապը հայրենիքիս հետ շատ սերտ ու զորավոր է եղել միշտ։ Սկսած 2006 թվականից ամեն տարի պարտադիր այցելում էի Հայաստան, իսկ արդեն նախորդ տարվանից մի ոտքս Հայաստանում է, մյուսը Հայաստանից դուրս, քանի որ ես արվեստագետ եմ, և ինձ բախտ է վիճակվել շրջել ամբողջ աշխարհով և ներկայացնել իմ արվեստը։ Ինչ վերաբերում է մշտական բնակությանը, դա այլևս իրականություն է ։)

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ի՞նչ են զգում մեր Սփյուռքի հայրենակիցները, երբ առաջին անգամ ոտք են դնում իրենց հարազատ հող, ՀԱՅՐԵՆԻՔ։ Կարելի՞ է մի քիչ խոսենք այս մասին։

Առաջին անգամ Հայաստան եմ եկել 2006 թվականին, եթե չեմ սխալվում ամռանը, տպավորություններս ռոմանտիկ էին։ Իհարկե կար և՛ լավը և՛ վատը, և դա բնական է, բայց սա մեր հայրենիքն է, մեր հողն է, պետք է արժևորենք, գնահատենք ու պահպանենք։ Ես այդ գաղափարախոսությամբ եմ ապրում։

 

Անդրադառնանք Ձեր վերջին տեսահոլովակին, որն անհնար է առանց արցունքների դիտելը, քանզի դեռ բաց են մեր վերքերը։ Ովքե՞ր են ներգրավված եղել տեսահոլովակի նկարահանման աշխատանքներում։ Ու՞մ գաղափարն էր այն։ 

Գաղափարը իմն էր։ Այն հավանություն արժանացավ գյումրեցի ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի կողմից։ Տեսահոլովակում այսօրվա իրականությունն է, որը ցավոք հեռու է ուրախ ու երջանիկ կոչվելուց, այնտեղ ուզեցի ցույց տալ մեր ներքին տագնապը, գիտակից հայի տագնապը, ով մտահոգված է իր հայրենիքով։ Խոցելի թեմա եմ ընտրել․ տեսահոլովակում պատերազմն է, իր բոլոր արհավիրքներով, ցավ, ընդհատված կյանք, անձնական հարաբերությունների փլուզում։

 

Ունե՞ք մշտական գործընկերներ, թե՞ տարբեր մարդկանց հետ եք սիրում համագործակցել։

Եվ՛ մշտական և՛ ժամանակավոր, երկուսից էլ ունեմ։ Apo & the Apostles-ը հաստատված բենդ է։ Նույնը չեմ կարող ասել հայկական նախագծի մասին, քանի որ այնտեղ երաժիշտները պարբերաբար փոխվում են, և սա ունի իր դրական կողմը, որն է թարմ գաղափարների պահպանումը։

 

Հարցազրույցը վարեց՝ Կալիպսօ Ղանդիլյանը

 


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background