Կայացել է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան
Written by Ռադիո Հայ on 16th August 2021
«Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Մհեր Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները։ Նա եղել է հնդիկ ժողովրդի բարեկամ և շատ է սիրել Հնդկաստանը:
«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրկան ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով։
Ֆիլմում ներկայացված են հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, վրաց անվանի դերասան և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեի, հնդիկ դերասանուհի և պատգամավոր Հեմա Մալինիի, հնդիկ դերասան Դհարմենդրայի, ռուս դերասան և կինոռեժիսոր Ռոլան Բիկովի և այլոց հուշերը Մհեր Մկրտչյանի մասին։
Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպության 10-ամյակներին։