«Ցավտ տանիմ, Արցախ». Ստեփանակերտում կայացել է երգիչ Անդրեի երգի տեսահոլովակի պրեմիերան
Written by Ռադիո Հայ on 1st November 2021
Հոկտեմբերի 31-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում կայացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրեի «Ցավտ տանիմ, Արցախ» երգի տեսահոլովակի պրեմիերան։
Միջոցառման սկիզբն ազդարարվեց երգչի կողմից «Հայր մեր» երգի կատարմամբ, այնուհետև Ազատամարտիկների պուրակի ամֆիթատրոնի մեծ էկրանին ցուցադրվեց նոր երգի տեսահոլովակը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անդրեն նշել է, որ ստեղծագործությունը ծնվել է միանգամից։
«Մի օր՝ գիշերվա ժամը 5-ին, արթնացա ու ուղեղիս մեջ «Ցավտ տանիմ, Արցախ»-ն էր անընդհատ։ Այն ձայնագրեցի ու կապ հաստատեցի գործիքավորող Վահան Նահապետյանի հետ։ Նպատակ ունեի, որ նկարահանումները տեղի ունենան հենց Արցախում՝ Պատարայում, Ասկերանի պարիսպների մոտ, Ուլուբաբում, Դադիվանքում։ Իմ տեսահոլովակում հին ու նոր Արցախները բախվում են իրար։ Մեծ ուրախություն եմ ապրում, որ երգիս տեսահոլովակի պրեմիերան հենց իմ ծննդավայրում՝ Արցախում է կայանում։ Այսօր առավել քան երբևէ մենք բոլորս ունենք այսպիսի ջերմ հանդիպումների կարիք», – պատմել է Անդրեն և կոչ արել բոլոր հայերին գալ Արցախ, քանզի Արցախը համայն հայության տունն է, հայրենիքն ու հպարտությունը։