Մեծ նախագիծ` նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին
Written by Ռադիո Հայ on 22nd April 2022
Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Ապրիլի 23-ին՝ գիշերը Ծիծեռնակաբերդում կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան մեսսայի մենակատարներն են աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլը, անվանի բաս Թոբիաս Բերնդտը, երիտասարդ, տաղանդավոր մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։ «Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:
Ապրիլի 23-ին «Almazian Productions»-ի և Օնտարիոյի ֆիլհարմոնիկի համագործակցությամբ Կանադայում՝ Օնտարիոյի ‹‹Ռեգենտ›› թատրոնում, նույնպես կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Համերգին կմասնակցի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հյուրընկալող կողմը նվագախմբի կայքում գրել է, որ հայերը 1915 թվականին սարսափելի ցեղասպանություն են վերապրել, և անդրադառնալով այդ պատմական իրողությանը՝ Օնտարիոյի ֆիլհարմոնիկը պատիվ ունի ներկայացնելու Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետի սյուիտի համաշխարհային պրեմիերան, որը գրվել է հատուկ այդ առիթով՝ հիշատակելով Հայոց պատմության ամենաողբերգական էջը։
Երաժշտության հիմքում ընկած պատմությունը վերցված է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի ինքնակենսագրական պոեմներից։ Դա մի հայ ընտանիքի պատմություն է, որը 1915 թվականին անցել է Հայոց ցեղասպանության արհավիրքների միջով: Բալետի վերջին տեսարանում հանդերձյալ աշխարհից հնչում է «անապատի հարսի» ուղերձը, որը կընթերցի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Բեատա Պոզնյակը։ «Անապատի հարսը» խորհրդանշում է Դեր Զորի անապատում խոշտանգված, սպանված միլիոնավոր հայերին: Ստեղծագործությունը եզրափակվում է բանաստեղծությամբ, որտեղ «հարսը» հույս է հայտնում, որ հարսանեկան սովորության համաձայն՝ իր ուսի վրայով նետած ծաղկեփունջը կվերանա տիեզերքի սև խոռոչում, և այն այլևս ոչ մեկին բաժին չի հասնի:
Դա հայ ազգի մարդասիրական ուղերձն է աշխարհին՝ արթնանալ, դատապարտել ահավոր ցեղասպանական մտքերը, քաղաքականությունը և համախմբել մարդկային ջանքերը, որպեսզի ապագայում իսկապես կարողանանք կանխել և ընդմիշտ կասեցնել մարդկության պատմության նմանօրինակ սարսափելի երևույթները։