«Արխիվային ֆիլմերի կինոփառատոնում» կցուցադրվեն հայ ռեժիսորների ֆիլմեր
Written by Ռադիո Հայ on 15th November 2022
2022թ. նոյեմբերի 16-30-ը տեղի կունենա «Արխիվային ֆիլմերի կինոփառատոնը», որտեղ կցուցադրվեն «Առաջին սիրո երգը», «Հայրիկ», «Տղամարդիկ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Այստեղ, այս խաչմերուկում» ֆիլմերը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանալով Ռուսաստանի Գոսֆիլմոֆոնդի կողմից ֆիլմերի ցուցադրման առաջարկ՝ համաձայնել է միանալ այս նախաձեռնությանը:
Ծրագիրը կազմվել է արխիվային ֆիլմերի փառատոնի մշտական ցիկլերից մեկի՝ Աշխարհի կինոմայրաքաղաքների շրջանակում։ Առաջատար վարպետների՝ Հ. Մալյանի, Ֆ. Դովլաթյանի, Է. Քեոսայանի, Կ. Գևորգյանի և այլոց ստեղծագործությունների միջոցով՝ նրանց անկրկնելի ինտոնացիայով, հնարավորություն է ընձեռվում հետևել, թե ինչպես է փոփոխվել Հայաստանի հնագույն մայրաքաղաքի նկարագիրը անցած հարյուրամյակում։ Նախատեսվում է ծրագիրը ամփոփել հայ ժամանակակից ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմով։
Փառատոնը հանդիսանում է «Белые Столбы» փառատոնի իրավահաջորդը, որը 1957թ.-ից անց էր կացվում Դոմոդեդովոյում: 2022թ. փառատոնն արդեն 2-րդ անգամ անց է կացվում Մոսկվայում՝ գլխավորապես Иллюзион կինոթատրոնում։