ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում տեղի կունենա Երևանի 5-րդ կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի բացումը
Written by Ռադիո Հայ on 17th November 2022
Նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում կանցկացվի Երևանի 5-րդ կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Փառատոնը բաղկացած է միջազգային ու ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում: Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային ծրագրում 33 ֆիլմ է ընդգրկվել աշխարհի 10 երկրից, որից 18-ը՝ ազգային, իսկ 15-ը՝ միջազգային ծրագրում:
Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հրազդան, Ծաղկաձոր և Աբովյան քաղաքներում:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները: Տեղի կունենան նաև վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:
Փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, ինչպես նաև խթանել փորձի փոխանակմանը:
Փառատոնի ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների մուտքն ազատ է:
Փառատոնի պաշտոնական բացումը և մրցութային ֆիլմերի ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և կմեկնարկի ժամը 18:00-ին` 2022 թվականին «ՀՀ Երիտասարդական մայրաքաղաք» հռչակված Հրազդանի դրամատիկական թատրոնում:
Ծրագրին և միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: