«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը»
Written by Ռադիո Հայ on 5th April 2023
Երվանդ Քոչարի թանգարանի և Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի համագործակցությամբ Հրազդան քաղաքում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցադրությունը:
«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների շարքը:
Էպիկական պատումը Քոչարը ներկայացնում է գրաֆիկական 7 էջով՝ վերարտադրելով Հայկական լեռնաշխարհում «պահպանված հնագույն հարթաքանդակներ», որտեղ պատկերված են Սասնա դյուցազունների քաջագործությունները:
Ցուցադրությանը ներկայացվել են Քոչարի նկարազարդումները. նորարարական լուծումների, լուսային, պրոեկցիոն էֆեկտների, ձայնային և տեսողական ինքնատիպ գաղափարների կիրառմամբ փորձ է արվել ստանալ էպոսյան առասպելական միջավայրը: Ներթափանցելով այցելուների ներաշխարհ՝ ցուցադրության միջոցով փոխանցվում են այն հիմնական ազդակները, որոնցից ներշնչվելով՝ Քոչարը ստեղծել է իր գրաֆիկական էջերը: Այս ցուցադրությունը մի յուրատեսակ փորձ է մեկ անգամ ևս անդրադառնալու մեր ազգային էպոսին, մեր էպիկական և հերոսական անցյալին:
Դպրոցում կազմակերպված ցուցադրությունը հասանելի է ոչ միայն աշակերտներին, այլև Հրազդանի և Կոտայքի մարզի արվեստասեր հանրությանը: