«Երբեք չեմ փորձել անձնականիս հիմքի վրա ուշադրություն գրավել»․ հարցազրույց Աստղիկ Սաֆարյանի հետ
Written by Ռադիո Հայ on 5th June 2023
Երգչուհի, երգահան Աստղիկ Սաֆարյանը թողարկել է նոր երգ՝ «Ու՞ր է Սերը», որն այսօրվանից հնչելու է նաև մեր ռադիոկայանի եթերում։ Աստղիկը հիմնականում ստեղծագործում է փոփ ռոք ժանրում, որը փոփ ժանրի և կիթառի վրա հիմնված ռոք երգերի համադրում է։
«Ռադիո Հայ» ռադիոկայանը հարցազրույց է անցկացրել երգչուհու հետ, կապված իր կարիերայի, նոր երգի, ինչպես նաև ընթացիկ ու սպասվող ծրագրերի հետ։
1. Քանի որ սա մեր առաջին հարցազրւյցն է, նախ կուզենայի խոսեինք Ձեր կարիերայի մեկնարկի մասին։ Ե՞րբ սկսվեց ամեն ինչ, ե՞րբ հասկացաք, որ հենց սա է Ձեր ուղին։
Ամեն ինչ սկսվեց դեռ 2006-ից միջազգային «IDOLS» նախագծի հայեցի տարբերակով, որ կոչվում էր «Հայ Սուպերսթար»։ Որի ընթացքն ինձ համար հանդիսացավ որպես դպրոց, իսկ ավարտը՝ որպես հիմք, իմ անհատական կարիերայի ստեղծման համար։
2. Մանկության տարիներին ո՞ր կատարողներն են Ձեզ ոգեշնչել, ո՞ւմ եք ձգտել նմանվել, եթե եղել են այդպիսիները։
Սիրել եմ Backstreet Boys, Pharrell Williams, ռոք խմբեր, բայց խորապես ուսումնասիրել եմ նաև տվյալ շրջանի բոլոր գործող արտիստների աշխատանքները, որպես կրթող «գիրք»։ Եվ շնորհակալ եմ ինքս ինձ, իմ այդ ժամանակվա ընտրության համար, քանի որ դրա հիման վրա ձևավորվել է երաժշտական բարձր ու խիստ ճաշակ, որի «ֆունդամենտով» ես կարողացա ստեղծել իմ սեփական երաժշտությունը, ուրույն ճաշակն ու ոճը։
3. Կա՞ Ձեր գործերի մեջ մեկը, որն առանձնացնում եք մնացածից, որն ավելի հոգեհարազատ եք համարում։
Հեղինակ-կատարողի համար իրենից «ծնված» ամեն երգ էլ հոգեհարազատ է։ Իսկ իմ 4-ձայնասկավառակներն էլ ինձանից են ծնված ։ )
4. Երբ որևէ ստեղծագործություն արդեն լիարժեք պատրաստ է լինում, ու՞մ եք այն առաջինը ներկայացնում, ո՞վ է Ձեր լավագույն քննադատը, և արդյո՞ք դուք Ձեզ ինքնաքննադատ համարու՞մ եք։
Իմ առաջին քննադատ ականջը հենց ինքս եմ, իսկ երկրորդ ադեկվատ ականջը՝ քույրս։
5. Մասնակցո՞ւմ եք մրցույթների․ ի՞նչ է տալիս դա Ձեզ, արդյո՞ք նոր հորիզոններ են բացվում, կամ գուցե մասնագիտորեն եք աճում, թե պարզապես ուժերը գնահատելու, ինչու չէ նաև ոլորտում կապերն ընդլայնելու միջոց է։
Ես մրցույթների սիրահար չեմ – միակ և վերջին մրցույթը, որին մասնակցել եմ, դա եղել է միակ ու առաջին մրցույթն իմ կյանքում – «Հայ Սուպերսթարը»։
6. Ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հանրային դեմքերի ոչ միայն մասնագիտական գործունեությունը, այլ նաև անձնական կյանքն է հասարակության տեսադաշտում․ կարողանու՞մ եք Ձեր անձնական տարածքը զերծ պահել բազմերանգ քննարկումներից, թե պարզապես համակերպվել եք հանրային դեմքի «ճակատագրին»։
Միշտ գերադասել եմ հանրությանը ներկայանալ Միայն իմ գործով, երբեք չեմ փորձել անձնականիս հիմքի վրա ուշադրություն գրավել, այլ միայն փորձել եմ ստեղծել գործեր որոնք իմ փոխարեն կխոսեին իմ մասին։
7. Ո՞վ է «Ու՞ր է Սերը» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը։ Ո՞նց ծնվեց այս երգը։
«Ու՞ր է Սերը» ստեղծագործությունը լիովին նոր ու թարմ երգ է, դեռ չլսված։ Գործիքավորումը և բիթերը Edelways-Music-ինն են, գործիքավորման հիման վրա ես ստեղծել ու գրել եմ վոկալ-մեղեդին և խոսքերը։ Ժանրային առումով շատ նոր ու թարմ է իմ երգացանկի համար, բայց շատ ռիթմիկ պարային, թրենդային pop-house ժանրի, իսկական ամառային-հիթ կատեգորիայի երգ։ Երաժշտությունը մոտ է երիտասարդներին, բայց երգի խորհուրդը բավականին հասուն միտք ունի, քանի որ հորդորում է «չթաքցնել, չափսոսալ, Սիրել և հասկանալ, որ կյանքը բումերանգ է, ինչ էլ որ անես, գալու է հետ՝ դեպի քեզ, ուստի պետք է սիրես, որ դու էլ սիրվես»։
Այսօր արդեն կկայանա երգի ռադիո պրեմիերան և ամբողջ ամառվա ընթացքում իմ լսարանի համար կապահովի բարձր տրանադրություն և իհարկե Սեր։
8. Ձեր նոր երգը ստեղծվել է Edelways Music-ի հետ համագործակցության արդյունքում։ Ինչպե՞ս ստացվեց համատեղ աշխատանքը, արդյո՞ք այն շարունակական է լինելու։
Edelways -ը ռուսաստանաբնակ հայ երիտասարդ, բայց շատ տաղանդավոր երաժիշտ է, ով հիմնականում աշխատել է արտասահմանյան լեյբլ-ների և արտիստների համար։
Քանի որ ես սիրում եմ լսել երիտասարդ սերնդի խելամիտ խորհուրդները, միասին զրուցեցինք ու հասկացանք որ աշխարհում այսօր մերօրյա երաժշտությունն ունի որոշակի թրենդային ուղղվածություն և որպեսզի ժամանակի հետ կարողանանք քայլել և մնալ ակտուալ, պետք է մոտեցնենք մեր երաժշտությունն այդ թրենդերին։ Որոշեցինք ստեղծել այս գործը և մեր համատեղ աշխատանքն ու այս գործը մեզ երկուսիս էլ գոհացրեց։ Արդեն միասին աշխատել ենք նաև մեր 2-րդ համագործակցության վրա, որը պատրաստ կլինի այս տարվա աշնանը։ Կարծում եմ մենք դեռ նման աշխատանքներ միասին շատ կանենք և դրանք հերթով կներկայացնենք մեր լսարանին։
9. Ե՞րբ եք պլանավորում նոր ալբոմ ստեղծել։ Լինելու է սոլո-ալբոմ, թե համատեղ աշխատանք։
Նոր ալբոմի համար արդեն իսկ աշխատում եմ և Edelways-ի երաժշտական նոր ու թարմ մտածելակերպը շատ մեծ դեր կխաղա իմ նոր ալբոմի ժանրային պատկերի վրա, քանի որ գործերի մեծ մասը պլանավորում եմ ստեղծել հենց իր հետ։
Առաջիկա օրերին դեռ սպասվում է «Ու՞ր է Սերը» երգի տեսահոլովակը, քանի որ այն արդեն իսկ նկարահանվել է և այժմ գտնվում է մոնտաժային փուլում։ Նկարահանումները վստահել եմ նորաստեղծ «TIR-pictures» ընկերությանը և անհամբեր եմ թե երբ են հանձնելու պատրաստ տեսահոլովակս, որ կարողանանք այն կիսել իմ լսարանի հետ։
10. Ո՞ւմ երգերի ներքո եք հանգստանում դժվար օրվա վերջում։
Իմ մանկության արտիստների երաժշտության ներքո, կարծես վերադառնում եմ մանկություն, որտեղ ամեն ինչ շատ գունեղ էր , անհոգ ու անկեղծ։ Եվ վերադարձը դեպի այդ հոգեվիճակ, հենց դա էլ հանգստություն է պատճառում և տալիս լավ տրամադրություն։
Հարցազրույցը վարեց՝ Կալիպսե Ղանդիլյանը