Մեկնարկում է «Չարենցյան ամառ» ծրագիրը
Written by Ռադիո Հայ on 13th June 2023
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Չարենցյան ամառ» ամենամյա ծրագիրը, որը Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի այլընտրանքային իրականացումն է: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Ծրագիրը նախատեսված է 14-ից 17 տարեկան դպրոցականների համար: Նպատակն է պատանիների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում՝ ամրապնդելով դպրոց-թանգարան կապը:
Ծրագրի առանցքում Եղիշե Չարենցի կերպարի ուսումնասիրումն ու բացահայտումն է, նրա ժամանակակից մյուս մեծերի կյանքի հայտնի և անհայտ դրվագներին, ստեղծագործական ժառանգությանը ծանոթացումը:
«Չարենցյան ամառ» ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝
- հետազոտական աշխատանք,
- կոնֆերանս,
- նյութերի ժողովածուի հրատարակում:
Գրական-մշակութային վերոնշյալ երկու կառույցների կողմից հաստատված հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ամռանը հայտարարելու է հետազոտական աշխատանքի խորագիրը, որի շրջանակում գրականասեր-չարենցասեր պատանիները, ուսուցիչների խորհրդատվությամբ, կուսումնասիրեն Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, բանաստեղծի միջանձնային, ստեղծագործական կապերը ժամանակի գրողների, արվեստագետների (հայ կամ օտարազգի) հետ: Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները կմասնակցեն Ուսուցչի օրվա շրջանակում կազմակերպվող կոնֆերանսին: Լավագույն նյութերը կհրապարակվեն:
2023 թվականի հետազոտական աշխատանքի խորագիրն է «Չարենցը և իր ժամանակակիցները»:
Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով, իսկ հետազոտական աշխատանքներն ուղարկել charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը (չափորոշիչները կցվում են):