Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի
Written by Ռադիո Հայ on 17th July 2023
Հուլիսի 14-16-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը։ Տեղեկանում ենք Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից։
Առաջին մրցութային օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարել է Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունը՝ արժանանալով 69 միավորի: Արդյունքում, Մաշան մրցութային օրերին վաստակել է 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանացել է Գրան Պրի մրցանակի: Հայաստանն առաջին անգամ հաղթող է ճանաչվել «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։
«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում 1-ին մրցանակի է արժանացել Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվել է Ռուսաստանի և Իտալիայի ներկայացուցիչների միջև, իսկ 3-րդը բաժին է հասել Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։