Շարունակվում են «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունները
Written by Ռադիո Հայ on 18th August 2023
Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում 2023 թվականի օգոստոսից մեկնարկել են «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները․ օգոստոսի 11-ին այն ցուցադրվել է Նյու Յորքում՝ Village East, Angelika և New Plaza Cinema կինոթատրոններում։ Հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
«Ավրորայի լուսաբացը» օգոստոսի 18-ին կցուցադրվի Լոս Անջելեսի՝ Laemmle Glendale կինոթատրոնում, իսկ սեպտեմբերի 1-ին՝ ֆիլմի ռեժիսորի մասնակցությամբ՝ Տորոնտոյի՝ Hot Docs Ted Rogers կինոսրահում։ Ցուցադրության ավարտին նախատեսվում է հարց ու պատասխան Իննա Սահակյանի հետ: Աշնանը ֆիլմն իր ցուցադրությունների երթը կշարունակի ԱՄՆ-ի և Կանադայի այլ քաղաքներում։
Վերջերս՝ հուլիսին, «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ընդգրկվել էր Իսպանիայի Atlantida Mallorca կինոփառատոնի միջազգային մրցութային բաժնում և արժանացել ACEC կինոքննադատների մրցանակին: Ֆիլմն ընդգրկվել է նաև ԱՄՆ-ի Royal Starr կինոփառատոնում և Ավստրալիայի Armenian Film Fest փառատոնի ծրագրում (փառատոների ցանկ):
«Ավրորայի լուսաբացի» համաշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարակումներով՝ անդրադառնալով 100 տարի առաջ թուրքական պետության իրականացրած ցեղասպանությանը, որի արդյունքում՝ իր բնօրրանում, ոչնչացվեցին 1,5 միլիոն հայեր։
Իննա Սահակյանի վավերագրական-անիմացիոն ֆիլմը, որը նկարահանված է Ավրորա Մարդիգանյանի անմարդկային պատմության հիման վրա և ներառում է 1919-ի հոլիվուդյան ֆիլմի անհետացած հատվածները («Հոգիների աճուրդ» ֆիլմը, որտեղ Ավրորան խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն), պատմում է 1915թ. դեռահաս աղջկա անօրինակ քաջության և այն մասին, որ սեփական ողբերգական պատմությունը վերապատմելը ամենաուժեղ քայլն է, որը կարող է անել մարդը: Սարսափի և ողբերգության երկու տարի, որը սկզբում մանրամասն նկարագրված էր թերթում, հետագայում դարձավ վեպ, իսկ հետո համր ֆիլմ, որը հանկարծ անհետացավ և 70 տարի անց նորից հայտնվեց 18 րոպե տևողությամբ տեսանյութով: Եվ հենց այդ 18 րոպեանոց սև ու սպիտակ կադրերն են՝ արխիվացված հարցազրույցների ձայնագրությունների և անիմացիայի հետ համատեղ, որոնք այժմ հիմք են հանդիսացել Իննա Սահակյանի Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի ֆիլմի համար: