Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Written by on 6th December 2023

Դեկտեմբերի 4-ից 9-ը Կասանե քաղաքում (Բոտսվանա) ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում կոմիտեն որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու վերաբերյալ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում: Սերնդեսերունդ փոխանցվող այս ազգային ավանդույթի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում առանցքային նշանակություն ունի դրա կենսունակության ապահովման, արժևորման և հանրահռչակման համար։

Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ․։ Հաջորդող տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.), ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020թ.) տարրերը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background