Սերժ Թանկյանը և Թոնի Այոմին բարեգործական սինգլ են ձայնագրել
Written by Ռադիո Հայ on 12th December 2023
System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը և Black Sabbath-ի կիթառահար, մեծանուն Թոնի Այոմին միասին երգ են ձայնագրել։ «Deconstruction» սինգլի երրորդ համահեղինակը Gibson կիթառի ապրանքանիշի գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանն է։ Թրեքը թողարկվել է Gibson Records-ում։
Սինգլի շապիկի համար նրանք օգտագործել են Սերժի «Մեր սարերը» կտավը։ SOAD-ի ֆրոնտմենը նաև նկարիչ է։
Սինգլի թողարկումից, ինչպես նաև նկարի և հատուկ պատրաստված Gibson կիթառի աճուրդից գոյացած գումարը, որի ձևավորման մեջ օգտագործվել է Թանկյանի նկարը, կփոխանցվի «Արմենիա» բարեգործական հիմնադրամին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին օգնելու համար։