Հայ տաղանդների հետքերով․ երգչուհի և երգահան Սյուզի Սիրակ
Written by Ռադիո Հայ on 26th December 2023
Հայ երգչուհի և երգահան Սյուզի Սիրակը հիմնականում ստեղծագործում է հայերեն և անգլերեն։ Նա իր խմբի հետ հանդես է գալիս կենդանի կատարումներով՝ ալտերնատիվ և ինդի ռոք ժանրերում։
Սյուզին հանրությանը հայտնի է դարձել «Հայաստանի ձայնը 2» երաժշտական հեռուստաշոուից, որտեղ նա հաղթահարել է կիսաեզրափակիչ փուլը։ Երգչուհին 2020 թվականին թողարկել է «Բարև», իսկ 2022-ին՝ «Առավոտ» սինգլները։
2020 թվականին Սյուզին համագործակցելով նկարիչ Տարոն Մարուքյանի հետ, թողարկել է «Գարմի» քավըր սինգլը, որը համշենական «Մելուսես» ռոք խմբի հիթերից է համարվում։ Ներկայումս նա աշխատում է իր առաջին ալբոմի վրա, որը կթողարկվի առաջիկայում։
Սյուզին 7 տարի հաճախել է ջութակի դասերի, այնուհետև 4 տարի սովորել վոկալ կատարողականություն՝ Երևանի մշակույթի քոլեջում և «DoReMi» վոկալ ստուդիայում։ Նա ներկայացրել է Հայաստանը տարբեր միջազգային երաժշտական մրցույթներում։
2014 թվականին Սյուզին մասնակցել է «Song of the Peace» երգի միջազգային մրցույթին՝ շահելով առաջին պատվավոր մրցանակը։ Սյուզին աշխատել է բազմաթիվ երաժիշտների և խմբերի հետ: Այժմ նա ունի իր սեփական նախագիծը և ելույթ է ունենում Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում։