Բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հայաստանյան առաջին ցուցահանդեսը

Written by on 29th April 2024

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs պատկերասրահում բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հայաստանյան առաջին ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին ներկայացված են վարպետի՝ Ազնավուրին պատկերող դիմաքանդակները, կոմպոզիցիոն աշխատանքներն ու գծանկարները։ Մազմանյանական Ազնավուրը ուղիղ վերարտադրություններ չեն, այլ էմոցիոնալ պատկերներ են՝ վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ շանսոնյեին։

Միջոցառման մասնակիցները շրջեցին ցուցասրահով, ծանոթացան հեղինակի աշխատանքներին ու ներկա գտնվեցին իր տեսակով եզակի ինտերակտիվ ցուցահանդեսին՝ Ազնավուրի երաժշտության ու դիմաքանդակների համադրմամբ։

Միջոցառմանը մասնակցում էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

Ցուցահանդեսի բացմանը տեղի ունեցավ նաև Մկրտիչ Մազմանյանի պատկերագրքի շնորհանդեսը։ Ցուցահանդեսի համադրող և գրքի գաղափարի հեղինակ Զառա Մազմանյանի խոսքով այս գիրքը Մկրտիչ Մազմանյանի տարիների աշխատանքի տրամաբանական շարունակությունն է․ «Գրքում ամփոփված են վարպետի աշխատանքները՝ ուսանողությունից մինչ օրս»։

Ցուցահանդեսի բացման միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, մշակույթի նշանավոր գործիչներ և արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր։ Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10-ը։

Մազմանյանը Հայաստանի ամենահայտնի կերպարային (ֆիգուրատիվ) քանդակագործներից է։ Արվեստագետի աշխատանքներում արտացոլվում են մարդկային փառասիրությունը, զարթոնքը և էվոլյուցիան։ Մազմանյանի քանդակագործության յուրօրինակ ոճը ձևավորվել է բազմաթիվ մշակույթների և գեղարվեստական ոճերի միախառնումից, չնայած նա ամենաշատը սովորել ու ոգեշնչվել է բնությունից և մարդկանցից։ Մազմանյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է մարդուն՝ իր ողջ գեղեցկությամբ:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background